30 մայիսի 2006 - 20:28 AMT
Թուրքերն ու եվրոպացիներն ի վիճակի չեն համաձայնեցնել միավորման առաջնայնությունները
Եվրոպացիների մեծ մասը, ինչպես ցույց են տալիս բազում հարցումները, չեն ցանկանում ընդունել թուրքերին իրենց ընտանիք, ընդ որում դրա պատճառը ամենեւին այդ երկրում իշխող իսլամը չէ: Խնդիրը նրանում է, որ թուրքերն ու եվրոպացիներն ի վիճակի չեն համաձայնեցնել միավորման առաջնայնությունները, հաղորդում է «Ռոսբալտը»: Եթե Եվրոպայում կարծում են, թե Թուրքիան պետք է համապատասխանի Եվրամիության երկրների համար ընդհանուր չափանիշներին, որոնք հայտնի են որպես Կոպենհագենյան, ապա ինչպես ցույց են տալիս բնակչության հարցումները թուրքական 10-ը քաղաքներում երկրի եվրոպական մասում, դրանց բնակչության մեծ մասը համոզված է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեպքում հենց Եվրոպան պետք է իր լիազորությունների մի մասը տա Թուրքիայի կառավարությանը, այլ ոչ թե հակառակը, գրում է հոդվածի հեղինակ Բորիս Ալտները: Նրա կարծիքով, վերջերս առաջացած մեկ այլ խնդիր է այն փաստը, որ այս պահին ոչ եվրոպացիները, ոչ թուրքերը չեն կարողանում հասկանալ` իրականում ո՞վ է ցանկանում միավորվել Եվրոպայի հետ: «Մի կողմից, դա Ռեջեփ Էրդողանի կառավարությունն է, որը Թուրքիայի օրինական ներկայացուցիչն է միջազգային ասպարեզում: Ընդ որում հայտնի է, որ ձեւավորվել է այն մի շարք իսլամիստական եւ ազգայնական կուսակցություններից: Մյուս կողմից, միանգամայն սեկուլյար քաղաքական կուսակցություններ եւ միավորումներ, որոնք ընդդիմության ճամբարում են եւ ցանկանում են եվրոպական ոճի բարեփոխումներ կատարել Թուրքիայում, չեն ձգտում Եվրոպա»,-նշվում է հոդվածում: Վերջին իրադարձությունները Թուրքիայում, ինչպես օրինակ սպանությունը Գերագույն դատարանի շենքում, բողոքի ցույցերը, թույլ են տալիս խոսել Թուրքիայում ծավալված «հետմոդեռնի դարաշրջանի քաղաքացիական պատերազմի մասին» կրոնական եւ աշխարհիկ ճամբարների միջեւ:

«Այս պայմաններում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն անիմաստ են դառնում` իրավիճակը երկրում այնպիսի պայթյունի շեմին է, որի նմանը եվրոպացիները չեն տեսել Հունաստանում 1950-ականների ռազմական հեղաշրջումից ի վեր: Այնուամենայնիվ, պաշտոնական Անկարան պնդում է, որ առաջխաղացում է հարկավոր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում, եւ կարծում է, որ հաջողությունը արտաքին քաղաքականության ասպարեզում կարող է նպաստել իրավիճակի բարելավմանը երկրի ներսում: Եվրոպացի ղեկավարները, նույնիսկ այդ միավորման այնպիսի ջատագովներ, ինչպիսին է Բրիտանիան, ուղղակի տարակուսում են` ում հետ եւ ինչի մասին այժմ խոսել»,-ընդգծում է Ալտները: