28 օգոստոսի 2014 - 20:51 AMT
Էրդողանի երդմնակալությունն առանց միջադեպի չի անցել. Թուրքիայի նոր նախագահը պաշտոնապես ստանձնել է պաշտոնը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի լիազորությունները: Երդմնակալության արարոդությունը տեղի է ունեցել խորհրդարանում, որի անտահերթ գերագույն նիստը հրավիրվել էր խոսնակ Ջեմիլ Չիչեքը:

60-ամյա Էրդողանը մեջլիսի նախագահությունից ստացել է ընտրվելու մասին արձանագրությունն ու երդում տվել: Այսպիսով, օգոստոսի 10-ին ընտրված Թուրքիայի 12-րդ նախագահը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները:

«Որպես երկրի նախագահ Թուրքիայի մեծագույն ազգի և պատմության առջև երդվում եմ իմ պատվով ու համբավով պահպանել պետության գոյությունն ու անկախությունը»,- ասել է նոր նախագահը:

Էրդողանը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է Ահմեթ Դավութօղլուին, որը մինչև այդ զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը:

Սպասվում է, որ մոտ ապագայում նա Դավութօղլուին կհանձնարարի նոր Կառավարություն ձևավորել, որի հաստատման հարցը օգոստոսի 29-ին կքննարկվի ազգային ժողովում:

Մինչ այդ, նախագահի պաշտոնի ստանձնման արձանագրային մասը չի ավարտվել: Էրդողանի և նրա նախորդ Աբդուլահ Գյուլի նախաձեռնությամբ նախագահի նստավայրում տեղի կունենա լիազորությունների ստանձնման հանդիսավոր արարողություն: Արարողությանը հրավիրված է 90 երկրի ներկայացուցիչ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հայաստանը երդմնակալության արարողությանը կներկայացնի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մինչ այդ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության անդամները երդմնակալության արարողությունից առաջ ցուցադրաբար լքել են դահլիճը:

Կուսակցության ներկայացուցիչը Թուրքիայի սահմանադրության գիրքը նետել է խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի վրա այն բանից հետո, երբ նրան զրկել են խոսքի իրավունքից:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ է ընտրվել օգոստոսի 10-ին երկրի պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրության արդյունքում:

Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց վարչապետ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես հայտարարել է Էրդողանը դրան նվիրված ելույթում, օգոստոսյան ընտրությունները պետք է «նոր դարաշրջանի հանգրվան» դառնան երկրի պատմության մեջ: «Եթե ինձ ընտրեք նախագահ, ես կպաշտպանեմ ժողովրդի շահերը»,-խոստացել է քաղաքական գործիչը: Մինչ այդ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն և «Ազգայնական շարժման» նախագահ Դևլեթ Բախչելին միասնական թեկնածու առաջադրեցին՝ Էքմելեդդին Իհսանօղլուին: Դատախազական «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը» իր թեկնածու հայտարարեց Սելահադդին Դեմիրթաշին: