3 սեպտեմբերի 2014 - 13:30 AMT
Պորոշենկոն և Պուտինը պայմանավորվել են դադարեցնել կրակը Դոնբասում, ինչի մասին Կրեմլում լռում են

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Դոնբասում կրակը վերջնականապես դադարեցնելու մասին: «Փոխադարձ ըմբռնում է ձեռք բերվել խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի ուղղությամբ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, գրում է «Գլագոլ» պարբերականը:

Մինչ այդ Պորոշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Դոնբասում կրակը ամբողջությամբ դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ:

«Հեռախոսազրույցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Դոնբասում կրակը վերջնականապես դադարեցնելու մասին: Փոխըմբռնում է ձեռք բերվել այն քայլերի վերաբերյալ, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը»:

Մինչդեռ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է միայն նախագահների հեռախոսազրույցի մասին, նշել, որ կողմերը քննարկել են Ուկրաինայի ռազմական ու հումանիտար ճգնաժամը, սակայն հակամարտության գոտում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածության վերաբերյալ հաղորդագրություն չի եղել:

«Նախագահները կարծիքներ են փոխանակել, թե առաջնահերթ ինչ պետք է անել երկրի հարավ-արևելքում արյունահեղությունը կասեցնելու համար»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահների տեսակետները ծանր ճգնաժամային իրավիճակից դուրս գալու մասին զգալի չափով համընկնում են»,- հավելել է Պեսկովը, գրում է ՌԲԿ-ն:

Նախկինում պաշտոնական Կիևը բազմիցս է հայտարարել, որ Դոնբասի տարածքում գործում են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները: Մինչդեռ Մոսկվան կտրականապես հերքում էր հակամարտությանը միջամտելու այդ մեղադրանքները, համարելով այն ներուկրաինական:

«Անշուշտ, Ռուսաստանը ոչ մի պատերազմ չի վարում: Ռուսաստանի քաղաքականությունն է թույլ չտալ, որպեսզի իրադարձությունները զարգանան ծայրահեղ տարբերակով: Ցավոք, կան ուժեր, որոնք փորձում են իրար դեմ հանել երկու ժողովրդներին, որպեսզի պատերազմ սկսվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Մենք ամեն հնարավորը կանենք, թույլ չտալու համար, որ իրադարձությունները զարգանան վատթարագույն սցենարով: Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ Ուկրաինայում չի վարում և չի վարելու»,- օգոստոսի 30-ին հայտարարել էր ՌԴ ՊՆ փոխղեկավար Անատոլի Անտոնովը:

Photo: AP