Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի պատվիրակները սեպտեմբերի 8-ին հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն` Սարգիս Անանյանին: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը նշեց, որ տեղի է ունեցել ընտանեկան լուրերի փոխանակում:
«Սեպտեմբերի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակներն այցելել են Հայաստանի քաղաքացուն: Գերու ընտանիքի անդամներն ու Հայաստանի իշխանությունները տեղեկացվել են այցի մասին»,-մանրամասնեց Հասմիկ Գալստյանը:
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր ադրբեջանական լրատվականների համաձայն օգոստոսի 26-ին Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ անցած քաղաքացու անձնական տվյալներն ու լուսանկարը։ Այդ երկրի ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, դա 43-ամյա Սարգիս Նորիկի Անանյանն է, որն այժմ բժիշկների վերահսկության տակ է։
Ավելի վաղ հակառակորդի լրատվականները գրում էին, թե քաղաքացին 53-54 տարեկան է, նա մոտ 20 րոպե մնացել է Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։ Ադրբեջանական որոշ կայքեր էլ շտապել էին նրան դիվերսանտ որակել: Օգոստոսի 27-ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայ գերու մասին ադրբեջանական լուրն ապատեղեկատվություն էր որակել՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն օգոստոսի 26-ին իր հերթին Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ տեղեկություններ կան՝ օգոստոսի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկեվանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին, իսկ երբ վերջիններս հարցուփորձ էին արել, նա չէր կարողացել պատասխանել և փախել էր ադրբեջանական կողմի ուղղությամբ: