9 սեպտեմբերի 2014 - 17:22 AMT
Հոկտեմբերին Սարգսյան-Ալիև-Օլանդ հանդիպում է սպասվում. Կողմերն իրենք պետք է կարողանան լուծման գալ (թարմացված)

Հոկտեմբերին սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Ըստ նրա, եռակողմ հանդիպումը նախատեսվում է Փարիզում:

Դեսպանը նաև նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներն ու խաղաղ գործընթացի խնդիրները: «Կարծում եմ, որ այդ հանդիպումը կարևոր է խաղաղության պահպանման համար»,- ասել է Մոնիեն, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Սպասվող հանդիպմանն անդրադարձել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն ՀեֆՖերնը՝ նշելով, որ կոնկրետ օրը չգիտի: Նա նշել է, որՈւելսում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համար տեղի ունեցավ իրոք կարևոր հանդիպում, քանի որ այն նաև շատ լավ հնարավորություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի համար՝ անձամբ ներգրավված լինելու բանակցություններում:

«Մենք կարծում ենք, որ երկու երկրի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Օլանդի հրավերով, սակայն այս պահին համանախագահները նոր առաջարկներ չունեն կողմերին: Ներկայում հիմնական նպատակն այն է, որ կողմերը հանդիպեն, որպեսզի ուղիներ որոնեն բանակցություններում ինչ-որ հաջողություն գրանցելու համար և քայլ առ քայլ հասնելու խնդրի կարգավորմանը»,-ասել է նա:

Ջոն Հեֆֆերնը հավելել է, որ ներկայում Մինսկի խմբի նպատակը ո´չ թե նոր գաղափարներ առաջարկելն է, այլ՝ երկու կողմի միջև հանդիպում կազմակերպելը, գրում է Tert.am-ը:

«Համանախագահները կարող են միջնորդել, խրախուսել, հորդորել, սակայն չեն կարող լուծում պարտադրել, եթե նույնիսկ ցանկանան դա անել: Կողմերն իրենք պետք է կարողանան լուծման գալ»,- նշել է դեսպանը, գրում է Panorama.am-ը:

Մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին համանախագահների հետ:

Սեպտեմբերի 4-ին Ուելսում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նշվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղ պայմանագրի անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկեցին բանակցային ներկա փուլին ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր: Կողմերը իրենց դիրքորոշումներն են ներկայացրել բանակցային գործընթացի վերաբերյալ:

ԱՄՆ պետքարտուղար Քերին մատնանշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, անհրաժեշտ է բացառել լարվածությունը, և կոչ է արել մեխանիզմներ գտնել լարվածությունը թուլացնելու ու կողմերի միջև վստահություն հաստատելու համար:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Ջոն Քերին կարևորել է նաև, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և պատրաստակամություն է հայտնել աջակցելու խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը:

Ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ: «Ուելսում Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ վարեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ: Մենք պատրաստ ենք օգնել»,- գրել էր ամերիկացի դիվանագետը: