9 սեպտեմբերի 2014 - 17:56 AMT
Էգոյանի «Արարատը» կցուցադրվի թուրքական կինոթատրոններում. Ասում են՝ Թուրքիան այլևս առաջվանը չէ

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում ցուցադրելու հարցը կրկին հայտնվել է օրակարգում:

«Արարատը» Թուրքիայում ցուցադրելու իրավունքը 12 տարի առաջ գնել էր «Բելգեֆիլմ» ընկերության սեփականատեր Սաբահաթթին Չեթինը, սակայն ֆիլմը չէր ցուցադրվել, քանի որ Չեթինը վախեցել էր, որ ֆիլմի ցուցադրումը կվտանգի կինոթատրոնների սեփականատերերի անվտանգությունը:

«Արարատը» չցուցադրելու պատճառներից է եղել նաև Հրանտ Դինքի կարծիքը, թե ֆիլմը հայ-թուրքական հարաբերություններում ներդրում չի ունենա:

Սակայն Չեթինն այժմ կարծում է, որ Թուրքիան այլևս հինը չէ, և ցանկանում է «Արարատը» կինոթատրոններում ցուցադրել, գրում է Ermenihaber.am-ը: Չեթինը տեղեկացրել է, որ բազմաթիվ կինոթատրոններից ֆիլմը ցուցադրելու առաջարկ է ստացել, սակայն չի պարզաբանել,թե երբ ֆիլմը կբարձրանա մեծ էկրան:

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը նկարահանվել է 2002 թվականին և պատմում է Մեծ Եղեռնի և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը։

Իսկ ահա թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը, որը ընդգրկվել էր Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում, պարզ չէ` կցուցադրվի Թուրքիայում, թե՝ ոչ: Աքինը Վենետիկի կինոփառատոնում ֆիլմի պրիմիերայից առաջ հայտնել էր, որ հոկտեմբերի վերջին ֆիլմը կներկայացնի թուրք հանդիսատեսին: Սակայն, ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբեր թուրք» լրատվական կայքը, դեռևս ոչ մի ընկերություն ֆիլմը չի գնել: Կինոթատրոնների ղեկավարներն էլ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ չեն ցանկանում ցուցադրել:

«Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են ռեժիսորն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլոք: