13 սեպտեմբերի 2014 - 11:56 AMT
Հայկական CityBugs-ը հաղթել է Երիտասարդական եվրոպական մրցանակաբաշխությունում

Հայկական CityBugs նախագիծը հաղթել է Երիտասարդական եվրոպական մրցանակաբաշխության (European Youth Award) շրջանակում անցած «Թվային ստեղծագործական միտքը հանուն հասարակական օգուտի» (Digital Creativity for Social Good) մրցույթում: Դրան մասնակցել է 130 մասնակից եվրոպական 49 երկրից։ Հաղթողներին ընտրել է մասնագետներից կազմված միջազգային ժյուրին։ Նրանք 11 երկրից են` Հայաստանից, Ավստրիայից (2), Չեխիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից (2), Պորտուգալիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Շվեցարիայից և Միացյալ Թագավորությունից:

CityBugs-ը հասարակական հարթակ է, որը ստեղծված է լուծելու շրջապատում, առողջապահության ու կրթական ոլորտում, հանրային ծառայություններում առկա խնդիրները։ Նախագծի հեղինակը հայաստանցի երիտասարդներ են։ Օգտագործելով web-հարթակն ու բջջային հավելվածները, քաղաքացիները կարող են CityBugs-ի միջոցով քաղաքային իշխանություններին տեղյակ պահել տարատեսակ խնդիրների մասին (աղբահանություն, առողջապահական ոլորտ, փողոցային լուսավորության կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար ենթակառուցվածքների խնդիրներ)։

Ինչպես PanARMENIAN.Net-ին ասաց նախագծի մենեջեր ու համահեղինակ Հովհաննես Աղաջանյանը, մեկնելու են Ավստրիա՝ նոյեմբերի 19-ից՝ 21-ը Գրաց քաղաքում մասնակցելու մրցանակաբաշխությանը, որտեղ պետք է ներկայացվեն հաղթող նախագծերը:

«Մի քանի անգամ մասնակցել ենք միջազգային մրցույթների, արդյունքում հայտնվում էինք շորթ-լիստերում։ Այս տարի որոշեցինք մասնակցել եվրոպական այս մրցույթին, դիմեցինք, ուղարկեցինք հայտը, որոշ ժամանակ անց գրեցին ու ասացին, որ արդեն շորթ-լիստում ենք, հաջորդ անգամ, երբ գրեցին, ասացին՝ հաղթել ենք»,- նշեց Հովհաննես Աղաջանյանը։

Բացի այդ, ինտերակտիվ կոնֆերանս է լինելու, որին կմասնակցեն նաև միջազգային մասնագետներ, ICT փորձագետներ, բիզնեսի հեղինակավոր առաջնորդներ: Նախագծերը ներկայացնելուց հետո, hիմնվելով այդ շնորհանդեսների վրա` EYA-ի գրանդ ժուրին կընտրի մեկ ընդհանուր հաղթողի, որը դրամաշնորհ կստանա:

Իմիջիայլոց, CityBugs-ի հեղինակներն արդեն հարթակի զարգացման նոր գաղափարներ ունեն։ Ինչպես նշեց նախագծի համահեղինակը, արդեն նոր գլոբալ մարտավարություն են մշակել․

«Պատրաստվում ենք փոփոխել հարթակը։ Հիմնական նպատակը նաև հանրության ընկալումն ու մտածելակերպը փոխելն է․ ուզում ենք, որ կայքից դուրս մեծ էկոհամակարգ ստեղծվի»,- նշեց նա։

Այս տարվա մրցույթի թեմաներն ու առաջնահերթությունները սահմանվել են Եվրոպայի խորհրդի կողմից ԵՄ 2020-ի ռազմավարության շրջանակում: Եվրոպայի «թվային հանրության» ներկայացուցիչները ցուցադրել են, թե ինչպես ՏՏ ոլորտի ու բջջային հեռախոսների կիրառումը կարող է հանգեցնել որոշ խնդիրների լուծմանը:

«Հրաշալի է իմանալ, որ բազմաթիվ երիտասարդներ պատրաստ են փոխել ապագան: Նրանք իսկապես ոգեշնչել են ինձ իրենց նորարարական նախագծերով»,- նշել է ժյուրիի անդամ, սերբիական Nomcentar–ի հիմնադիր ու սեփականատեր Դուշիցա Բիրովլեվիչը:

Մրցանակաբաշխությունը 2012-ից նախաձեռնում է Նոր մեդիայի միջազգային կենտրոնի պատվավոր նախագահ Պիտեր Բրուքը։ Արդեն 3-րդ տարին է՝ մրցույթն անցնում է Եվրոպայի խորհրդի, ՅՈւՆԵՍԿՕ-ի ու Unido-ի հովանու ներքո։ Դրա հիմնական նպատակն է խրախուսել մինչև 30 տարեկաններին հասարակական արժեք ունեցող նախագծեր ստեղծել։