3 հունիսի 2006 - 14:44 AMT
Ռոբերտ Քոչարյան. «Ես համեստ սպասումներ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից»
Ադբեջանի ռազմատենչ հայտարարությունները եւ հնչող մեկնաբանությունները, որոնք գրեթե կապված չեն քննարկման թեմայի հետ, այնպիսի տպավորություն են ստեղծում, որ հակառակորդ կողմն այնքան էլ տրամադրված չէ լուրջ որոշումներ ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք մի տարբերակ ենք քննարկում, որը, իմ համոզմամբ, հնարավորություն կտա երկար ու խաղաղ կարգավորում ունենալ: Սակայն ես համեստ սպասումներ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից»,- ասել է Ռ. Քոչարյանը:

Երկրի ղեկավարը զարմանք է հայտնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց այն հայտարարությունների առումով, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` Ղարաբաղի ինքնավարության որոշակի մակարդակի դեպքում:

«ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր չի արձանագրվել որեւէ դեպք, որ ինչ-որ ժողովուրդ, կիրառելով ինքնորոշման իրավունք ու փաստացի անկախության հասնելով, փոխի իր որոշումն ու վերադառնա այն պետության կազմ, որից դուրս էր եկել: Ես չեմ հասկանում` ինչու ղարաբաղցիներն ու հայ ժողովուրդը պետք է առաջինը որոշեն, որ անկախությունն իրենց ինչ-ինչ պատճառներով ձեռնտու չէ: Մեն այդպիսի եզրահանգումներ անելու առիթ չենք տվել»,- ընդգծել է նախագահը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: