3 հունիսի 2006 - 15:12 AMT
Իրանում Հարավային Ադրբեջանի Ազգային-ազատագրական բանակ է ստեղծվել
Բանակը կազմավորվել է ադրբեջանցիներից, որոնք ժամանակին ծառայել են իրանական բանակում: Այդ մասին հայտնում է Հարավային Ադրբեջանի ազգային վերածնության շարժման եվրոպական ներկայացուցչությունը: Տվյալ առիթով տարածված հայտարարությունում Հարավային Ադրբեջանի Ազգային-ազատագրական բանակը (ՀԱԱԱԲ) նշել է, որ պայքար է մղելու մինչեւ ադրբեջանցիների ազգային իրավունքների վերականգնումը:
Հայտարարությունում խոսվում է ՀԱԱԱԲ պահանջների մասին. «Իրանի կառավարությունը Սահմանադրության 15-րդ հորդվածի հիման վրա պետք է ապահովի ադրբեջանցիների հարազատ լեզվով ուսում ստանալու, թերթ բացելու, ադրբեջանական լեզվով 24-ժամյա հեռարձակում ունեցող հեռուստաընկերություն ունենալու, ադրբեջանաբնակ շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության իրավունքը, պետք է լուծի Հարավային Ադրբեջանի տնտեսական խնդիրները, ազատ արձակի բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ադրբեջանցիներին եւ չխոչընդոտի ադրբեւջանցիների մասնակցությանը միջոցառմանը, որ նվիրված է Ադրբեջանի Ազգային հերոս Աբաբեկ Հուրեմի ծննդյան օրվան, որը կայանալու է հունիսի 29-ին»: ՀԱԱԱԲ-ն նաեւ պահանջել է պատժել նրանց, ովքեր կրակել են Իրանի ադրբեջանաբնակ քաղաքներում անցկացված բողոքի ցույցի մասնակիցների վրա, հայտնում է ԱՊԱ-ն: