19 սեպտեմբերի 2014 - 14:36 AMT
Արամ Ա-ն պահանջում է վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը. Կդիմի Թուրքիայի ՍԴ

Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը մոտ ժամանակներս Թուրքիայի Սահմանադրական դատարանում հայց է ներկայացնելու` պահանջելով իր պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իր իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Այս մասին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը հայտարարել է Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը` հավելելով, որ եթե դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, այն կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան.

«Գտնվում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին: Բազմիցս ասել ենք ու միշտ պետք է կրկնենք ի լուր մեր ժողովրդին, ցեղասպանին և միջազգային հանրությանը, որ մենք պահանջատեր ենք և հավատարիմ ենք մնում մեր նահատակների սրբազան կտակին` որքան էլ ցեղասպանը իր մարտավարական ու ռազմավարական սադրանքներով և նյութական միջոցներով փորձի նսեմացնել ու աղավաղել մեր պահանջատիրությունը միջազգային հանրության առջև: Չենք կարող անտարբեր մնալ մեր ազգի ոտնահարված իրավունքների նկատմամբ, անտարբերությունն ազգային դավաճանություն է: Հետևաբար, պետք է 100-ամյակը նշենք մեծ պատասխանատվությամբ և այն արժևորենք այնպիսի գործերով, որոնք մնայուն հետք կթողնեն ու նոր ուղղություն կտան Հայ Դատի հետապնդման աշխատանքներին»:

Կաթողիկոսը նշել է, որ անցնող տասնամյակների ընթացքում հսկա աշխատանք է տարվել Հայ Դատի հետապնդման գործում` քաղաքական, դիվանագիտական, քարոզչական բնագավառներում:

«Պետք է հարգանք մատուցել այդ աշխատանքը կատարողներին ու այն աջակցողներին: Մեր կարծիքով, պետք է հայ ժողովրդի իրավունքների հետապնդման աշխատանքները` առաջին հերթին, Հայոց Ցեղասպանության ճանաչումը ու դատապարտումը, նեղ շրջանակից դուրս բերել, երկրորդ, հեռու մնալ Ցեղասպանության ճանաչումը մեր դատի հանգուցալուծումը պատկերացնելու մտածելակերպից ու գործելակերպից: Հակառակ այն իրականությանը, որ միջազգային օրենքներն այնքան էլ նպաստավոր չեն մեր դատի համար, կարծում ենք, որ եկել է Հայ Դատի աշխատանքները և Հայոց Ցեղասպանության ճանաչումը իրավական դաշտ փոխադրելու ժամանակը:

Ելնելով այդ համոզմունքից` ցանկանում ենք հայտարարել, որ Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը մոտ ժամանակներս Թուրքիայի Սահմանադրական դատարանում հայց է ներկայացնելու` պահանջելով իր պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձը իր իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին»,- նշել է Արամ Ա-ն` հավելելով, որ քայլին դիմում են ոչ զգայական կամ քարոզչական նկատառումներով:

«Անցնող երկու տարիներին մեր մասնակցությամբ խորհրդակցություններ տեղի ունեցան միջազգային օրենքների ու դատական հարցերով օտարերկրացի մասնագետների հետ: Եվ ավելին, սովորական եկեղեցապատկան ունեցվածք պահանջելու մոտեցումով չէ, որ հանձն ենք առնում այս կարևոր քայլը: Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսի մեջ, խորհրդանշական մեծ իմաստ ունի Կիլիկիայի ու ամբողջ հայության համար: Գիտենք նաև, որ հիշյալ դատը անխուսափելիորեն «դուռ է բացելու» մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու սեփական կալվածների վերադարձի թղթապանակին: Այն դեպքում, եթե մեր դատը մերժվի Թուրքիայի ՍԴ կողմից, ինչը հնարավոր է, այն կներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մենք ճանապարհ ենք ելել այս հեռանկարով: Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից: Վերջապես, գիտենք, որ այս դատը նյութական մեծ ներդրում է պահանջում: Ամեն դեպքում, մենք վստահում ենք մեր ժողովրդին, որովեհտև եկեղեցին ժողովուրդն է, և եկեղեցական որևէ կենտրոն մեր ժողովրդի սեփականությունն է:

Արդարևէ, հիշյալ դատի կողքին մեր ժողովրդի համար գոտեպնդիչ երևույթ պետք է դառնա այն, որ 100-ամյակի առիթով Հայաստանը` որպես Հայ դատի իրավատեր, ևս դիմի Արդարադատության միջազգային դատարան` Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման պահանջով: Մի՛ մոռացեք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված է, որ «ՀՀ-ն արտահայտում է Հայաստանի ժողովրդի միասնական կամքը` գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը:

Նա նշել է, որ մենք չենք կարող և երբեք էլ չենք մոռանա, որ Արևմտյան Հայաստանը մեր ազգի մեծ երազն է` ամբողջական Հայաստան` ամբողջական հայությամբ:

«Արդարևէ, ինչպես 1965 թվականին` Հայոց ցեղասպանության 50-ամյակին, մեր երիտասարդությունը Երևանում իր ձայն բարձրացնելու ու մեր հողերը պահանջելու քաջություն ունեցավ, այնպես էլ 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-ամյակին, վստահ ենք, որ նույն երիտասարդների զավակները, այս անգամ ազատ ու անկախ Հայաստանի մեջ, ցեղասպանի ու աշխարհի առջև կանգնած նոր հավատքով ու ամուր վճռականությամբ պիտի պահանջեն մեր ժողովրդի արդար իրավունքները, և, վստահաբար, իրենց պետք է միանան ամբողջ Սփյուռքի մեր երիտասարդները:

Յուրաքանչյուր հայի ու ողջ հայության գիտակցության մեջ պետք է ամրանա այն խոր համոզմունքը, հայ ժողովուրդը մեկ է Հայաստանով, Ղարաբաղով և Սփյուռքով: Մեկ է հայ ժողովրդի պահանջատիրությունը: Հայաստանի հզորացումը, Ղարաբաղի անկախության ամրապնդումը, Սփյուռքի վերականգնումը և Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը հայ ժողովրդի պայքարի կորիզը, հիմքը ու նպատակն են: Յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ներդրումն ու ամբողջական մասնակցությունը ունենա մեր ժողովրդի սրբազան պայքարի մեջ` ամեն տեղ և ամեն վայրկյան: Սա է հայության ուղին: Բյուր օրհնություն և պատիվ մեր արի ժողովրդին»,- իր խոսքը եզրափակել է Արամ Ա Կաթողիկոսը:

Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293–1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հս. ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին:

Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում: