23 սեպտեմբերի 2014 - 13:37 AMT
EAFJD. Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից պետք է աստիճանաբար անցնել հատուցման հարցին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սպասվում է նոր երկրների կողմից եղեռնի փաստի ժխտումը քրեականացնող օրինագծերի ընդունում: Այս մասին հայտարարել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Այն երկրները, որոնք ընդունել են Ցեղասպանության իրողությունը, կարելի է, որ ընդունեն նաև Ցեղասպանության ժխտման օրենք, ինչպես վերջերս եղավ Հունաստանում, իսկ այն երկրները, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությանը փաստը խորհրդարանի մակարդակով, պետք է ճանաչեն այն», – նշել է նա:

Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Այսպիսով, Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում:

Անդրադառնալով Արամ առաջին հայրապետի` սեպտեմբերի 19-ին արված հայտարարությանը, ըստ որի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայց է ներկայացնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի կաթողիկոսարանի վերադարձը, Պետո Դեմիրճյանը նշել է, որ Սփյուռքի կառույցների կողմից որոշում է կայացվել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումից աստիճանաբար անցում կատարել հատուցմանը:

«Մենք միշտ շեշտել ենք ճանաչման կարևորությունը, բայց ճանաչումը մեզ բարոյապես է գոհացնում: Ճանաչումը լավ է, ընդամենը, բայց մենք պետք է է՛լ ավելի շատ սկսենք խոսել հատուցման մասին», – շեշտել է Դեմիրճյանը:

Սեպտեմբերի 19-ին Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը հայտարարեց, որ 2015 թվականին մոտ ժամանակներս Թուրքիայի Սահմանադրական դատարանում հայց են ներկայացնելու` պահանջելով պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իր իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Նա նաև հավելել է, որ եթե դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, այն կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Դեմիրճյանն անդրադարձել է նաև Շոտլանդիայի անկախության հանրաքվեին` նշելով, որ վերջին տարիներին Եվրոպայում ավելի ընկալունակ են դարձել ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ․

«Ինքնորոշման միջոցով անկախացումն է, որին ձգտում են այս ժողովուրդները, այդ հասկացողությունը կամաց-կամաց ավելի հզոր է դառնում»:

Հայ դատի ներկայացուցիչն նդրադարձել է նաև Հայաստանի` ՄՄ-ին ու ԵՏՄ-ին միանալու որոշմանը ու Եվրոպայում դրա ընկալմանը` նշելով, որ մեկ տարի անց Բրյուսելում սկսել են ավելի լավ հասկանալ Հայաստանի նման որոշման դրդապատճառները: Նրա խոսքով՝ դրան նպաստել են նաև Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:Այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարը հրաժարվեց Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած բանակցությունների արդյունքներից, որոնց նպատակը Բրյուսելի ու Երևանի միջև Ասոցացման համաձայնագրի կնքումն էր:

«Շատ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունից մեկ տարի հետո նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Կարծում եմ, որ դա ճիշտ քայլ էր, որը ցույց տվեց, որ այո, մենք ինչ-որ ձևով հրաժարվեցինք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից, բայց չենք ուզում մեր կապերն Արևմուտքի հետ ընդհանրապես խզել: Եվրոպայում այդ քայլն այդպես ընկալվեց, որովհետև շատ հեշտ էր ընդհանրապես չգնալ», – նշել է Պետո Դեմիրճյանը:

Սեպտեմբերի 9-ին Եվրամիության անդամ երկրների, Եվրոպական խորհրդարանի և ԵՄ հանձնաժողովի միջև կայացած խորհրդակցություններից հետո հաստատվել է Եվրամիության հարևանության գործընկերներին տրամադրվելիք ֆինանսավորման գումարներն առաջիկա տարիներին։ Այս ծրագրով Հայաստանին 2014-ից՝ 2017-ը կտրամադրվի 140-ից 170 մլն եվրո։