24 սեպտեմբերի 2014 - 14:42 AMT
Բաքուն երաշխավորում է հայկական պատվիրակության անվտանգությունն առաջին Եվրոպական խաղերին

Անկախ 2015 թվականին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին մասնակցության վերաբերյալ Հայաստանի որոշումից՝ Ադրբեջանը երաշխավորում է հայկական պատվիրակության անվտանգությունը մայրաքաղաք ժամանման դեպքում: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռագիմովը, գրում է Trend.az-ը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը պատրաստ է լուծել նաև վիզային հարցերը:

«Մենք պետական մակարդակով երաշխավորում ենք անվտանգության ապահովումը և վիզային հարցերի լուծումը»,- ասել է նա:

Հայաստանը դեռ պաշտոնապես չի հաստատել առաջին Եվրոպական խաղերին իր մասնակցությունը:

Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 հունիսի 12-28-ը: Այդ մասին հայտնի է դարձել 2012-ի դեկտեմբերի 8-ին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Բաքվի օգտին քվեարկել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի 38 անդամ, 8-ը դեմ են արտահայտվել, իսկ 2-ը` ձեռնպահ: Եվրոպական խաղերի համար նախատիպ են հանդիսացել Համաամերիկյան և Ասիական խաղերը: Ակնկալվում է, որ Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: