25 սեպտեմբերի 2014 - 17:28 AMT
Ադրբեջանում կալանքի տակ են առել World Vision International-ի հաշիվները

Ադրբեջանի իրավապահ մարմինները կալանքի տակ են դրել World Vision International-ի հաշիվները:

World Vision International-ը ոչ առևտրային ավետարանական կազմակերպություն է, որը զբաղվում է հումանիտար օգնության հարցերով: Հիմնվել է 1950-ին Ռոբերտ Պիրսոնի կողմից, այսօր այն աշխարհում մարդասիրական օգնություն տրամադրող խոշորագույն կազմակերպություններից է, որի ընդհանուր եկամուտը հասնում է 3 մլրդ դոլարի: Կազմակերպությունը գործում է մոտ 100 երկրում, անկախ կրոնական տարբերություններից: Հիմնական գործունեությունն ուղղված է աղքատ երեխաներին և նրանց ընտանիքների օգնության տրամադրմանը:

Ադրբեջանում վերջին շրջանում ջախջախում են քաղաքացիական հասարակությունը և ոչ առևտրային կազմակերպությունները:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

Photo:WWI