26 սեպտեմբերի 2014 - 13:32 AMT
ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ մասին պայմանագիրը. Պատգամավորներն այն պատմական են որակել

Ռուսաստանի Պետդուման սեպտեմբերի 26-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահներն ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում:

Պայմանագիրը սահմանում է Եվրասիական տնտեսական միությունը, որով նախատեսվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժ, ինչպես նաև երկրների համակարգված տնտեսական քաղաքականություն: Փաստաթուղթը ենթադրում է անցում միասնական մաքսատուրքի:

Միության բյուջեն ձևավորվելու է ռուբլիով ԵՏՄ անդամ պետությունների փայաբաժին անդամավճարներով, որոնց չափը հաստատելու է գերագույն խորհուրդը, որի կազմում կլինեն պետությունների ղեկավարները:

Պայմանագրի իրականացումը լրացուցիչ բյուջետային ծախսեր կպահանջի, որոնք հաշվի կառնվեն հաջորդ տարվա բյուջեում և առաջիկա եռամսյա ծրագրում:

Քննարկման ժամանակ բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորները պայմանագիրն անվանեցին պատմական և կարևորեցին այն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների համար, հայտնում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի ստորին պալատի ԱՊՀ գծով ենթակոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր լրագրողներին, որ Եվրասիական տնտեսական միությունը հզոր խոչընդոտ կհանդիսանա ԱՄՆ ճանապարհին, որը ձգտում է առաջիկայում միաբևեռ աշխարհ կառուցել:

Սլուցկին նշել է, որ միաբևեռ աշխարհը, որը փորձում է կյանքի կոչել ԱՄՆ-ն, հիմնված է արյան վրա: «Եվրասիական տնտեսական միությունը, միանգամայն նոր տարածաշրջանային տնտեսական կառույցից բացի, նաև հզոր խոչընդոտ կլինի այն ուժերի ճանապարհին, ովքեր այսօր փորձում են միաբևեռ կարգեր հաստատել աշխարհում, ցավոք սրտի, արյան վրա շաղախված: Մենք դա տեսել ենք նախկին Հարավսլավիայում, տեսել ենք Իրաքում, Սիրիայում, այժմ տեսնում ենք Ուկրաինայում»,-ասել է պատգամավորը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հենց դա դրդեց Հիլարի Քլինթոնին պաշտոնաթողությունից մի քանի օր առաջ 2012-ի դեկտեմբերին ասել, որ ԱՄՆ-ն դեմ է լինելու ԵՏՄ-ին: Այդ իսկ իրավիճակը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի սանձազերծմանը Կիևում»,-ասել է խորհրդարանականը:

Նա նշել է, որ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը ԵՏՄ-ին «մահացու է բոլոր նրանց համար, ով մտադիր է արդեն մոտ ապագայում միաբևեռ աշխարհակարգ ստեղծել մեկ տերության հովանու ներքո»: «Չեմ կարծում, որ նրանց ակնկալիքները կիրականանան: Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրմանը, ապա այն արդեն հնարավոր չէ կասեցնել, հետխորհրդային որոշ երկրներ՝ Հայաստանը, Ղրղզստանը, հետխորհրդային տարածքից դուրս որոշ երկրներ, հայտարարում են, որ շահագրգռված են եվրասիական նախագծով»,-հավելել է նա:

Սլուցկին նշել է, որ ԵՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական միություն է, որն ընդլայնվելու է, «այդպիսով մոտենալով մեծն Շառլ դը Գոլի մտահղացմանը՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածքի ստեղծման մասին»: «Այդ թեզը հաճախ է օգտագործում ՌԴ նախագահը»,-հիշեցրել է խորհրդարանականը:

2013-ի հոկտեմբերի 24-ին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հաստատվեց Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը: 2014-ի մայիսի 29-ին Աստանայում անցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրեցին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից:

Ռուսաստանի կառավարությունն օգոստոսի 7-ին հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրին: Հավանության արժանացավ նաև ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որը ՌԴ նախագահը ներկայացրեց Պետդումայի վավերացմանը:

Միությանը միանալու մասին պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները:

Հուլիսի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Երևանն ամբողջապես կատարել է իր բոլոր պարտավորությունները ԵՏՄ-ին անդամակցելու համար: Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հայտնել էր, որ միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Օգոստոսի 9-ին ՌԴ ու ՀՀ նախագահների հանդիպմանը քննարկվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Ինչպես դրանից հետո նշեց նախագահ Սերժ Սարգսյանը, նա չի կարծում, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը մինչև տարեվերջ չի ստորագրվի: