30 սեպտեմբերի 2014 - 10:42 AMT
Չիչեք. Թուրքիան պայքարելու է հայերի կողմից իրենց անունը «սևացնելու» դեմ

2015-ին ընդառաջ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրելու հայերի կողմից իրենց անունը «սևացնելու» դեմ պայքարի և աշխարհին «ճշմարտությունը» հասցնելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը՝ խոսելով երկրի օրակարգում եղած կարևոր հարցերի մասին:

Նա Կիպրոսի ու Պաղեստինի խնդիրների կողքին, որպես Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող օրակարգային խնդիր, առանձնացրել է նաև Ղարաբաղի հարցը:

Անդրադառնալով սփյուռքահայության գործունեությանը` Չիչեքն ասել է. «Հայկական սփյուռքը ամբողջ աշխարհում որպես թիրախային կառույց ընտրել է խորհրդարանները»,- Haberler-ին հղումով գրում է Ermenihaber կայքը:

Սեպտեմբերի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է, որ արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլև ամբողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից: Սարգսյանը նշել է, որ փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները:

«Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ամբողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք: 1915-ի Ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ համարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ»:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար»:

Photo: AFP