6 հոկտեմբերի 2014 - 10:52 AMT
Ռոուհանի. Իրանը դեռ չի կարող փոխարինել Ռուսաստանին գազի եվրոպական շուկայում

Իրանն այժմ ԵՄ երկրներին ածխաջրածինների արագ վաճառք կազմակերպելու հնարավորություն չունի, եթե նվազեն Ռուսաստանի առաքումները:

Այդ մասին, ըստ ՌՒԱ Նովոստի գործակալության, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա նշել է, որ Իրանը գազի խոշոր պաշարներ ունի, բայց հետ է մնում հումքի արդյունահանման գործում: Իրանի իշխանությունները մտահոգված են առաջին հերթին ներքին պահանջարկը բավարարելու հարցով, առավել ևս, որ իրանական հումքի առաքումներում շահագրգռված են նաև հարևան երկրները: «Ուստի այսօր այն պայմանները չեն, որ այ վաղը, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի առաքումն, ապա Իրանը նույնը կարող է անել: Մեր արտադրությունը դեռևս հեռու է դրանից»,-հայտարարել է նա:

Ռոուհանին նշել է, որ Իրանը կողմ է «առողջ մրցակցությանը» և միևնույն ժամանակ պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ:

Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ Իրանը կարող է էներգառեսուրսների հուսալի աղբյուր լինել Եվրոպայի համար: «Իրանը եզակի կարգավիճակ ունի էներգետիկ ոլորտի տեսակետից, ուստի մենք պատրաստ ենք հուսալի աղբյուր լինել Եվրոպայի համար…Մենք պատրաստ ենք Ավստրիայով դեպի Եվրոպա գազի առաքման ցանց ստեղծել»,-հայտարարել է նա ավստրիացի պաշտոնակից Հայնց Ֆիշերի հետ հանդիպմանը 2014-ի սեպտեմբերին: Արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն, իր հերթին, նշել է, որ ապագայում Իրանը ցանկանում է հուսալի ու երկարաժամկետ գործընկեր լինել Եվրոպայի գազի շուկայում, բայց մտադիր չէ մրցակցել Ռուսաստանի հետ:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները:

Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից: