Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն վավերացրել է 2015-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ իրականացնելու մասին քաղաքապետարանի ուղերձը:
Հայաստանի Հանրապետության և Փարիզի քաղաքապետարանի, ինչպես նաև ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի «2015 հանձնախմբի» համատեղ աշխատանքով ձեռք բերված համաձայնություններն արտացոլող ուղերձը քաղաքային խորհրդի քննարկմանն են ներկայացրել քաղաքապետի` հիշատակության և միջազգային կապերի գծով տեղակալները:
Ինչպես Nouvelles d՛Armenie պարբերականին հղումով գրում է Asbarez-ը,ուղերձում ասվում է.
«Հաշվի առնելով 2001թ-ի հունվարի 29-ին Ֆրանսիայի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչումը, հաշվի առնելով, որ պատմական փաստերին հակառակ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է, որը վիրավորանք է Ցեղասպանության զոհերի հիշատակին և նրանց սերունդներին, հաշվի առնելով Փարիզի հայ համայնքի ներդրումը քաղաքի զարգացման, մշակույթի և հանրահռչակման գործում, Փարիզը պետք է նշի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ Ցեղասպանության իրողության տարածման, ճանաչման, գիտակցման ու ժխտողականության դեմ պայքարին ուղղված միջոցառումներով:
Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահում 2015-ի առաջին կեսին Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ ցուցահանդես կկայանա, որի առթիվ Փարիզ պետք է տեղափոխվեն Երևանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուները:
Ազգային կրթության գերատեսչութեան հետ գործակցությամբ պետք է կազմակերպվենն ուսումնադաստիարակչական աշխատանքներ՝ Փարիզի հանրակրթական հաստատություններում, Հայկական Ցեղասպանության, Ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայ համայնքի պատմության մասին, որպեսզի խրախուսվի Փարիզի և հյատկապես 9-րդ թաղամասի պատմության անբաժանելի մասի նկատմամբ հետաքրքրությունը:
Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվելիք հիշատակի միջոցառումների առթիվ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոնևս պետք է Երևան այցելի 2015-ին»:
2014-ի փետրվարին այն ժամանակ դեռևս Փարիզի քաղաքապետի թեկնածու Անն Իդալգոն հայտարարել էր, որ Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին միայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա, իր համար Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա, ասել է նա:
Անն Իդալգոն հայտարարել է նաև, որ կողմ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը: «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է ընդունել օրենք, որին Սահմանադրական դատարանը հավանություն կտա»,-ասել է Փարիզի քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով. «Ողբերգական ու դրամատիկ պատմության ժխտումը թույլ չի տալիս նորը կառուցել»:
Նա նշել էր նաև, որ իր ընտրվելու դեպքում ապրիլի 24-ի ամենամյա հիշատակի միջոցառումները, որոնց 2001 թվականից ի վեր մասնակցում է նաև ինքը Իդալգոն, տևական բնույթ կստանան: Իսկ 2015 թվականին Փարիզի քաղաքապետարանն, իր հերթին, ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը: