6 հոկտեմբերի 2014 - 10:26 AMT
ԱՄՆ հայտարարությունն Անկարայի կողմից ահաբեկիչներին սատարելու մասին սկանդալ է առաջացրել Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է պահանջել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենից Թուրքիայի և իսլամիստ ահաբեկիչների կապերի մասին հայտարարության համար:

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում, հայտարարել է, որ Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ֆինանսական աջակցություն են տրամադրել «Ալ Քայիդա» խմբավորմանը Սիրիայում: «Մարդիկ, որոնք ստանում էին այդ օգնությունը, «Ջեբհաթ ան Նուսրայի», «Ալ Քայիդայի» գրոհայիններ էին ու ծայրահեղականներ աշխարհի տարբեր մասերից: Կարծո՞ւմ եք չափազանցնում եմ: Դատեք ինքներդ, թե ուր հասավ այդ ամենը»,-հայտարարել է Բայդենը: «Իմ հին բարեկամ նախագահ Էրդողանն ինձ ասաց՝ դու իրավացի էիր, մենք չափից շատ մարդու թույլտվեցինք հատել սահմանը, իսկ հիմա աշխատում ենք փակել»,-ասել է Բայդենը:

«Եթե Բայդենը նման բան է ասել, մենք ներողություն ենք պահանջում, և անուղղակի ներողություն չենք ընդունի»,-մեջբերում է Էրդողանի խոսքը Hurriyet-ը:

Քննադատությանը միացել է նաև վարչապետ Դավութօղլուն: «ԱՄՆ իշխանություններն ու Բայդենը գերազանց գիտեն, որ Թուրքիան միլիոնավոր փախստականների է ընդունել: Եթե մեր զգուշացումներն ընդունվեին ժամանակին, «Իսլամական պետությունն» այսօր խնդիր չէր առաջացնի»,-ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիկարդոնեն հայտարարեց, որ Անկարան սատարում էր «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրային» և Վաշինգտոնը ոչինչ չարեց դրան հակազդելու համար: Արևմտյան ԶԼՄ-ները մեղադրում են Անկարային, որ նա չխոչնդոտեց ԻՊ կամավորների ներթափանցմանը Սիրիա Թուրքիայի տարածքով, էժան նավթ է գնում գրոհայիններից ու «հանգստի բազաներ» ստեղծում իր տարածքում գրոհայինների համար: Քրդերը ևս մեղադրում են Թուրքիային գրոհայիններին սատարելու համար: Նրանց կարծիքով Անկարան, խանգարելով քուրդ կամավորների անցմանը Սիրիա, պատասխանատու է քրդերի անհաջողությունների համար ԻՊ գրոհայինների դեմ պայքարում և քրդաբնակ Կոբանի բնակավայրի շրջափակման համար: Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Օջալանը, որը կալանքի տակ է գտնվում, հայտարարել է, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև զինադադարի կասեցման համար: