7 հոկտեմբերի 2014 - 11:50 AMT
«Իսլամական պետության» ահաբեկիչները գրավել են Կոբանի ծայրամասերը

«Իսլամական պետության» ահաբեկիչները տանկերի ու հրետանու աջակցությամբ իրենց հսկողությունն են հաստատել թուրք-սիրիական սահմանին գտնվող քրդաբնակ Կոբանի ծայրամասերում:

Ըստ Guardian-ի, արևելյան ծայրամասերում փողփողում է «Իսլամական պետության» սև դրոշը, հայտնում է BBC-ին: Կենտրոնը մնում է քուրդ զինյալների հսկողության տակ: «Մարտերը գնում են քաղաքի ներսում, հարյուրավոր քաղաքացիական անձիք փախուստի են դիմում: ԻՊ-ն փորձում է ներթափանցել քաղաք արևելքից ու հարավ-արևմուտքից»,-պատմել է պարբերականին բնակիչներից մեկը:

Քաղաքի ու արվարձանների համար մարտերի ընթացքում փախուստի է դիմել մոտ 160 հազար մարդ, նրանք հիմնականում Թուրքիա են փախել: Ընդհանուր առմամբ ԻՊ-ն առաջ է շարժվում նույնիսկ չնայած ԱՄՆ ավիացիայի հարվածներին ահաբեկիչների դիրքերին:

Քրդերը մեղադրում են Թուրքիային գրոհայիններին սատարելու համար: Նրանց կարծիքով Անկարան, խանգարելով քուրդ կամավորների անցմանը Սիրիա, պատասխանատու է քրդերի անհաջողությունների համար ԻՊ գրոհայինների դեմ պայքարում և քրդաբնակ Կոբանի բնակավայրի շրջափակման համար: Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Օջալանը, որը կալանքի տակ է գտնվում, հայտարարել է, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև զինադադարի կասեցման համար:

Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Հուլիսին ահաբեկիչներն արդեն գրոհել են շրջանը, բայց հետ են շպրտվել:

Հատկանշական է, որ Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական բանակը կարող է գործի դրվել Սիրիայում, եթե լինի միջազգային հանրության համաձայնությունը: Էրդողանի առաջարկներն անուղղակի կերպով պաշտոնական Դամասկոսի դեմ են ուղղված՝ թուրք նախագահն առաջարկում է Սիրիայի օդային տարածքի մի մասը թռիչքներից զերծ գոտի հայտարարել, այն դեպքում, երբ ապստամբներն ավիացիա չունեն, ստեղծել բուֆերային գոտի Սիրիայի ու Թուրքիայի միջև սիրիական տարածքի հաշվին (ինչը հեռանկարում կարգելակի սիրիական բանակի գործողությունները իսլամիստների դեմ) և զինել չափավոր ընդդիմությանը (որը կարող է զենքն ուղղել Ասադի դեմ): Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի դերը ԻՊ դեմ պայքարում կհստակեցվի կոալիցիայի հետ բանակցություններում, «և ինչպիսին էլ լինի այդ դերը, Թուրքիան այն կկատարի»,-ասել է նա: