Թուրքիայի ԵՄ գծով նախարար Վոլկան Բոզկիրը հայտարարել է, որ Twitter-ն արգելափակելու որոշումը սխալ էր:
«Ես կցանկանայի, որ նման որոշում չլիներ: Դա սխալ էր: Այնուամենայնիվ, բոլորն ընդունեցին դա, իսկ հիմա աշխատում ենք հաղթահարել սխալ մոտեցումը, որ ձևավորվել է Թուրքիայում այդ հարցի շուրջ»,-հայտարարել է նա, գրում է Hurriyet-ը:
Twitter-ի արգելափակումը Ռեջեփ Էրդողանի ու արտերկրում բնակվող աստվածաբան Ֆեյթուլլահ Գյուլենի դիմակայության հետևանք էր: Գյուլենն աշխարհի ամենաազդեցիկ իսլամական իմամներից մեկն է ժամանակակից աշխարհում, հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին և դեմ է երկրի միջամտությանը պատերազմին Սիրիայում, ինչպես նաև հանդես է գալիս քրիստոնյաների, մահմեդականների ու հուդայականների միջև միջկրոնական երկխոսության օգտին: Այդ հայացքները հակասում են Էրդողանի ծրագրերին, որը զգալիորեն սառել է ԵՄ հանդեպ, սատարում է Ասադի դեմ կռվող գրոհայիններին, ձգտում է իսլամականացնել Թուրքիան և սատարում է պաղեստինցիներին: Համարվում է, որ հենց Գյուլենն է նախաձեռնողն այն մեծ քաղաքական ու կոռուպցիոն սկանդալի, որը ցնցեց Թուրքիայի քաղաքական համակարգը «ընտրական» 2014-ին:
Այն ժամանակ համացանցում հայտնվեցին բարձրաստիճան թուրք պաշտոնյաների փաստաթղթերն ու հեռախոսազանգերի ձայնագրությունները, որոնք հաստատում էին կոռուպցիայի հսկայական թափը իշխող կուսակցության շարքերում: Մյուսների թվում հանրության սեփականությունը դարձավ նաև Էրդողանի հեռախոսազրույցը որդու հետ, որտեղ նրանք քննարկում էին, թե որտեղ կարելի է թաքցնել տանը պահվող 40 մլն դոլարը:
Իշխանությունները փորձեցին կասեցնել կոռուպցիոն սկանդալի քննարկումը սոցցանցերում՝ պահանջելով Twitter-ից հեռացնել նյութի բոլոր հղումները: Մերժում ստանալով Թուրքիայի իշխանությունները արգելափակեցին ծառայությունը: Էրդողանն, որն այն ժամանակ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարեց, որ Թուրքիայում սոցցանցերն արմատախիլ կարվեն, այդ թվում նաև Twitter-ը, հղում անելով դատարանի համապատասխան որոշման վրա՝ նշելով, որ միջազգային հանրության արձագանքը չի հուզում իր կառավարությանը:
Սակայն ապրիլի 3-ին ՍԴ որոշումից 24 ժամ անց, որը արգելափակումը համարեց խոսքի ազատության խախտում, ծառայությունը նորից հասանելի դարձավ: Էրդողանը հայտարարեց, որ ընդունում է որոշումը, սակայն չի հարգում այն: «Կան ստորին ատյանների դատարանների որոշումները Twitter-ում խախտումների մասին, բայց դուք ուշադրություն չեք դարձնում դրանց: Պաշտպանելով ամերիկյան ընկերությունը՝ դատարանը հետին պլան է մղում մեր ազգային շահերը»,-ասել է Էրդողանը: