
«Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» ու Հայ Ազգային Կոնգրեսը խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ տալով ՀՀ իշխանություններին առաջադրած 12 կետի կատարման գնահատականը: Նշվում է, որ ՀՀ իշխանությունները, ըստ էության, գրեթե ամբողջապես անտեսել են ոչ իշխանական քառյակի կողմից առաջադրված 12 կետի ոչ միայն փաստացի կատարումը, այլև համարժեք չեն արձագանքել նույնիսկ մոտ ապագայում դրանց կատարմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
«Իշխանությունների նման արձագանքը վկայում է, որ իշխող քաղաքական ուժը պատրաստ չէ գնալ երկխոսության հանրության հետ և բավարարել ժողովրդի նվազագույն պահանջները: Ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն հաղթահարել համատարած, համակարգային կոռուպցիան և իրականացնել երկրի մարտահրավերներին համապատասխանող արդյունավետ կառավարում: Իշխող վարչակարգն, այսպիսով, սպառված է, և հասարակությունը նրա հետ չի կարող կապել երկրի զարգացման որևէ հեռանկար»,- ասվում է հայտարարության տեքստում։
ԱԺ ոչ իշխանական քառյակը հունիսին իշխանությանն էր ներկայացրել մինչև սեպտեմբերի 30-ը իրականացվելիք 12 կետից բաղկացած հրատապ միջոցառումների և քայլերի պահանջ: ՀՀ կառավարությունը հոկտմբերի 1-ին պատասխանել է դրանց` նշելով, որ հարցերի մի մասը գործադիրն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել հունիսին, մյուս մասն էլ վերցված է կառավարության ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսաբար՝ միջին ժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ. «Վերոնշյալ հայտարարության մնացած դրութներն էլ կամ առաջարկում են պետական բյուջեն անմիջապես դնել աննախադեպ ծախսերի տակ, կամ էլ բազմիցս քննարկվել են և հակասում են միջազգային իրավական ստանդարտներին, կամ դուրս են գործող սահմանադրական շրջանակներից, և այլն»,- ասվում է պատասխան տեքստում:
Ոչ իշխանական ուժերի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով ՀՀ-ում շարունակվող սոցիալ-տնտեսական վիճակի ակնհայտ վատթարացումը, որն իր հաստատումն է գտնում նաև ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներում, Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցներում ու կանխատեսումներում, ծանոթանալով նաև այս առիթով կառավարության վերջերս հրապարակած պատասխանի հետ՝ արձանագրում են, որ`
1. Ըստ էության, չեն կատարվել քառյակի կողմից ներկայացված 12 կետից և ոչ մեկը:
2. Փոքր և միջին ձեռնարկությունների շրջանառության հարկը 3,5%-ից իջեցվել է 1%-ի: Միաժամանակ ներմուծվել է պարտադիր փաստաթղթավորման պահանջ, ինչը մենաշնորհների և բարձր ստվերայնության պայմաններում վատթարացնելու է հազարավոր համաքաղաքացիների գործունեության պայմանները: Այսպիսով, կիրառելով կոշտ վարչարարություն ՓՄՁ-ի նկատմամբ, իշխանությունները վտանգում են ՓՄՁ-ի գործունեության շարունակականությունը և դրանց մի մասին դնում փակման վտանգի տակ:
3. Հարկային քաղաքականությանն առնչվող հարցերը նույնպես իրենց լուծումները չեն ստացել. այն է՝ ԱԱՀ-ի գանձման հետաձգումը սահմանից, արտոնագրային վճարներին, ընդհանուր հարկային բեռի իջեցմանը և հարկային վարչարարությանը վերաբերող խնդիրները:
4. Չեն կատարվել 12 կետում ամրագրված այն հարցադրումները, որոնք չեն պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ, հավելյալ ներդրումների ներգրավում կամ լրացուցիչ ժամանակ։ Դա վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի, տեսանկարահանող սարքերի (արագաչափերի), կարմիր գծանշումներով վճարովի կանգառների, Որոտանի ՀԷԿ-երի, «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետ կապված հարցերին։
5. Ըստ էության, լուծված չեն նաև գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման և հասցեական պետական օժանդակության խնդիրները:
6. Կարևորագույն խնդիրներից չլուծված են մնացել նաև բանկային վարկերի տոկոսադրույքների իջեցման հարցերը, որոնք արգելակում են ՀՀ-ում ներդրումային գրավչության բարելավումը:
7. Վերջին մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի 40%-ով թանկացումը հանրապետության քաղաքացիների և տնտեսավարողների համար լրջագույն լրացուցիչ ֆինանսական բեռ է, որն ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են բնակչության հետագա աղքատացման, հայկական ապրանքների և ծառայությունների մրցունակության իջեցման քաղաքականությունը՝ հասարակության շահը ստորադասելով խոշորագույն բնական մենաշնորհի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի այսպես կոչված ֆինանսական առողջացման գործընթացի ապահովմանը:
8. Իշխանություններն անպատասխան են թողել նաև ընտրական օրենսգրքի բարեփոխման ընդդիմության պահանջը, մասնավորապես՝ 100% համամասնական ընտրակարգի անցման և ընտրական գործընթացի, ընտրողների ցուցակների հստակեցման և քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակման հարցերի վերաբերյալ:
9. Հստակ պաշտոնական պատասխան չկա նաև Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության պարագայում ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետի հնարավոր տեղակայման վերաբերյալ:
Այսօր` հոկտեմբերի 10-ին, ժամը` 18.00-ին, ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում: