
Միջազգային բոլոր ատյաններում և հատկապես ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը տարիներ շարունակ նպատակամղված աշխատանք է տանում՝ ձգտելով պոկել մեկ ադրբեջանանպաստ փաստաթուղթ: Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը` անդրադարնալով նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում հաստատված «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույց պատրաստելու որոշմանը:
Նա նշել է, թե այդ նպատակով լայնածավալ ստվերային աշխատանք է տարվում Ադրբեջանի պատվիրակների կողմից, որոնց էլ տուրք են տալիս եվրոպացի որոշ պատվիրակներ.
«Մենք քանի տարի առաջ ահազանգել ենք, որ ԵԽԽՎ-ն աստիճանանբար արժեքների կազմակերպությունից վեր է ածվում շահերի կազմակերպության»,-նշեց նա:
Հերմինե Նաղդալյանը հավելել է, որ այս «սուբյեկտիվ» գործոնից բացի գոյություն ունի նաև օբյեկտիվը, որը կապված է վերջին շրջանում լայն թափ առած՝ ազգերի իրավունքի ճանաչման գործընթացի հետ: Ըստ նրա, սակայն, մի շարք խոշոր պետությունների շահերից չի բխում դա, և ըստ այդմ էլ փորձում են խոչընդոտել միտումին: Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ նման խնդիրներ ունեն Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան. «Այստեղից էլ առաջանում է բնական գործընկերության ու շահերի զուգադիպություն»:
Ադրբեջանական նման նկրտումները, ըստ բանախոսի, ժամանակ առ ժամանակ սրացումներ են ունենում այնպես, ինչպես եղել է այն ժամանակ, երբ ԵԽԽՎ-ն ղեկավարել է ազգությամբ թուրք գործիչը: Այսօր էլ նպաստավոր պահ է Ադրբեջանի համար, որովհետև Ադրբեջանի նախագահության շրջանն է, և թեև իրենք մի քանի անգամ կարողացել են խոչընդոտել զեկույցի վերսկսման մասին որոշման կայացմանը, ի վերջո դա կայացվել է, գրում է Tert.am-ը:
«Այնուամենայնիվ, այսօր ունենք այն, ինչ ունենք, և հանձնաժողովի նիստում ես հայտարարեցի, որ մեր պատվիրակության որոշումն է՝ չմասնակցել այս զեկույցի պատրաստման աշխատանքներին և չգործակցել զեկույցի շրջանակներում զեկուցողի հետ: Ուզում եմ ընդգծել, որ մեր պատվիրակության կազմում 8 հոգուց 5-ը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ են, իրենք իրենց քաղաքական դիրքորոշումներն ու մոտեցումներն ասել են այս հարցի վերաբերյալ քննարկումների ժամանակ, և այն արգումենտները, որ մենք ընտրել ենք հնչեցնելու համար, եղել են համատեղ և այս ամենի արդյունքում մեր պատվիրակության որոշումն է եղել, որ լավագույն ճանապարհն այս զեկույցի կազմման ամբողջ ժամանակի համար, լինելու է զեկույցը բոյկոտելը, որի մասին մենք հայտարարել ենք»,-եզրափակել է նա:
Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Թինի Կոքսը սեպտեմբերի 29-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հաստատմանն է ներկայացրել վեհաժողովի Բյուրոյի կայացրած որոշումները, որոնցում ներառված էր նաև սեպտեմբերի 2-ին Փարիզում կայացրած որոշումը: Վերջինով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերն ուղարկվում են ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողով, որն էլ պետք է պատրաստի համատեղ զեկույց։ Այն վերնագրվել է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ»։
Հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայից պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը Լեռնային Ղարաբաղի գծով Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող է նշանակվել: Նա հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 35 խորհրդարանական, դեմ՝ 32-ը, երեքը ձեռնպահ են մնացել:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել է` եթե ԵԽԽՎ-ն շարունակի այդպիսի ձևակերպումով զեկույց պատրաստել, դա անպայման իր բացասական ազդեցությունն է ունենալու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ մեկնաբանել է լուրը, որի համաձայն բանաձևի քննարկումների ժամանակ հայկական պատվիրակությանը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի դահլիճից դուրս են արել:
«Անկեղծ ասած` ինձ խիստ զարմացրեց, թե ինչպիսի օպերատիվությամբ և գերագույն հաճույքով մեր որոշ լրատվամիջոցներ «քսերոքսեցին» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հայտարարություններն ու դրանք արտատպեցին հայկական մամուլում: Չէի մտածում, որ Սամադը հայկական որոշ լրատվամիջոցների համար նման անուրանալի հեղինակություն և օբյեկտիվության էտալոն է:
Ոչ` ճիշտ չէ: Հայկական պատվիրակությանը որևէ մեկը չէր կարող դահլիճից, կամ որևէ այլ տեղից դուրս հանել և դա աբսուրդ է: Ես ինքս, չլինելով քաղաքական հանձնաժողովի անդամ և չունենալով քվեարկելու կամ ելույթ ունենալու հնարավորություն, ներկա եմ եղել քաղաքական հանձնաժողովի նշյալ նիստին և միայն բոլոր քվեարկություններից հետո եմ դուրս եկել դահլիճից: Այո, պիտի լինեմ անկեղծ` հանձնաժողովում բավականին լարված մթնոլորտ էր, որոշ մարդկանց նյարդեր տեղի տվեցին և քննարկման ամբողջ ընթացքը բավականին լարված անցավ, ու ցավոք, քաղաքական հանձաժողովը կայացրեց իր նախապես ծրագրված որոշումը: Ուստի, մենք հիմա այստեղ ոչ թե պիտի մեղավորներ փնտրենք ու «խարակիրիների» կոչեր անենք, այլ հասկանանք, որ եվրոպական կառույցներում և հատկապես ԵԽԽՎ-ում խաղի կանոններն են փոխվել, մեր հանդեպ վերաբերմունքի հստակ փոփոխություն կա և խաղի այդ նոր պայմաններում փորձենք կառուցել մեր մարտավարությունն ու ռազմավարությունը»,- ասել է Զոհրաբյանը, գրում է Panorama.am-ը: