Ամերիկացիների ավիահարվածները «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում դրդել են «Ալ Քայիդայի» մի քանի կենտրոնական խմբերի, այդ թվում առավել վտանգավոր համարվող երկու ծայրահեղական հատվածների, վերանայել անհամաձայնությունը ԻՊ գերծայրահեղական ձգտումների հետ:
ՌԻԱ Նովոստի գործակալությունը Washington Times-ի վրա հղումով հայտնում է, որ «Արաբական թերակղզում գործող «Ալ Քայիդան» և «Մագրիբի երկրների «Ալ Քայիդան», որը գործում է Սինայի թերակղզում, կոչ են արել իրենց «եղբայրներին» Իրաքում և Սիրիայում դադարեցնել իրար ոչնչացնելն ու միավորվել ի դեմս ընդհանուր սպառնալիքի: Սեպտեմբերին «Ալ Քայիդայի» գրոհայինների երկու գումարտակ Մագրիբից միացավ ԻՊ ուժերին:
Տարածաշրջանային առաջնորդներից մեկը՝ դաշտային հրամանատար Հալիդ Աբու Սուլեյմանը մեղադրեց «Ալ Քայիդային» «ջիհադի ճշմարիտ ուղուց շեղվելու մեջ և սեփական խումբը կազմավորեց «Ալժիրի խալիֆայության զինվորներ» անվանումով, որը երդում տվեց «Իսլամական պետությանը»:
Այդպիսով, ԻՊ կողմն անցած գումարտակները փաստացի խախտել են «Ալ Քայիդայի» առաջնորդ Այման ալ Զավահիրիի հրամանը, որը հայտարարել էր, թե «Ալ Քայիդան» խզում է բոլոր կապերը ԻՊ հետ:
New York Times-ն իր հերթին հայտնում է, որ «Իսլամական պետությունն» ուժեղացրել է հարձակումները քրդաբնակ Կոբանի դեմ: Քաղաքի մատույցներում նոր կուտակումներ են նկատվում, իսլամիստները փորձում են վերականգնել ԱՄՆ ու կոալիցիայի ավիահարվածների արդյունքում կորցրած դիրքերը:
Ըստ չնշված ռազմական աղբյուրների, ընդհանուր առմամբ ԻՊ դիրքերին հասցվել է մոտ 45 ավիահարված: «Կոբանին դեռ կանգուն է…բայց իսլամիստների համար կարևոր է գրավել քաղաքը գաղափարական տեսակետից»,-ասել է թերթի զրուցակիցը:
Ավելի վաղ ՄԱԿ ներկայացուցիչ Ստեֆան դը Միստուրան կոչ էր արել Թուրքիային թույլ տալ քուրդ կամավորներին հատել Սիրիայի հետ սահմանը, մարտնչելու համար Կոբանին պաշարած ԻՊ ահաբեկիչների դեմ: Ըստ նրա, քաղաքի արվարձաններում զոհվել է մոտ 500 մարդ, եթե Կոբանին ընկնի, կոտորած է սպառնում մոտ 12 հազար մարդու: Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Հուլիսին ահաբեկիչներն արդեն գրոհել են շրջանը, բայց ետ մղվել: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական բանակը կարող է գործի դրվել Սիրիայում, եթե լինի միջազգային հանրության համաձայնությունը: Էրդողանի առաջարկներն անուղղակի կերպով պաշտոնական Դամասկոսի դեմ են ուղղված՝ թուրք նախագահն առաջարկում է Սիրիայի օդային տարածքի մի մասը թռիչքներից զերծ գոտի հայտարարել, այն դեպքում, երբ ապստամբներն ավիացիա չունեն, ստեղծել բուֆերային գոտի Սիրիայի ու Թուրքիայի միջև սիրիական տարածքի հաշվին (ինչը հեռանկարում կարգելակի սիրիական բանակի գործողությունները իսլամիստների դեմ) և զինել չափավոր ընդդիմությանը (որը կարող է զենքն ուղղել Ասադի դեմ):
Թուրքիայում բողոքներ սկսվեցին, երբ «Իսլամական պետության» գրոհայինները գրավեցին սիրիական քրդաբնակ Կոբանի ծայրամասերը, ավելի ուշ կոալիցիոն ուժերը կարողացան ետ մղել ահաբեկիչներին: Քրդերը վճռական գործողություններ են ակնկալում Անկարայից՝ մասնավորապես պահանջելով, որ թուրքական կողմը զենք մատակարարի պաշարվածներին, իսկ առավել ծայրահեղականները հայտարարում են, որ անհրաժեշտ է թուրքական զորքեր մտցնել Սիրիայի տարածք:
Ըստ քրդերի Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորներին Սիրիա անցնելու գործում, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ բողոքները մի քանի անգամ վերածվել են բախումների թուրքական ոստիկանության հետ անմիջապես սահմանին, Կոբանից ոչ հեռու, ինչպես նաև բազմաթիվ ցույցերի ժամանակ թուրքական այլ շրջաններում: