14 հունիսի 2006 - 15:05 AMT
Ա-320-ի կործանման մեղավորը անձնակազմն է, գտնում են մասնագետները
Սեւ ծովում Ա-320 ուղեւորատար ինքնաթիռի կործանման պատճառը անձնակազմի սխալներն են եղել: Այդ մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, հղում անելով օդանավի կործանման փաստը հետաքննող հանձնաժողովից մի աղբյուրի, որը չի ցանկացել նշել անունը: Երկու «սեւ արկղերի» վերծանումը ցույց տվեց, որ օդաչուները կորցրել էին «տարածական կողմնորոշումը» վատ եղանակային պայմաններում: Պարզվել է, որ երկրորդ շրջադարձի ժամանակ, որի ցուցումը տվել է Ադրլերի օդանավակայանի դիսպետչերը, օդանավը կառավարվել է անձնակազմի կողմից: Բացի այդ, օդաչուները չափազանց մեծ թեքություն են թույլ տվել շրջապտույտի ժամանակ: Ըստ մասնագետների, հենց այդ փաստերն էլ հանգեցրել են վթարի: Ավելի վաղ տեղեկատվություն էր եղել, թե վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկայի անսարքությունը, կամ վառելիքի բացակայությունը Ա-320-ի բակերում: Ակնկալվում է, որ հետաքննության պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից: Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետներն այժմ փորձում են «մեղմ» ձեւակերպումներ գտնել, որպեսզի մեղադրանքները անձնակազմի հասցեին շատ կոշտ չհնչեն, գրում է թերթը:
Հիշեցնենք, որ 2006 թվականի մայիսի 3-ին Ադլերի օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց հայկական «Արմավիա» ընկերության Ա-320 աէրոբուսը: Ինքնաթիռում կար 113 մարդ, որոնցից 27-ը` Ռուսաստանի քաղաքացիներ: Բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվել են: Խոսակցային եւ պարամետրային ինքնագրիչները բարձրացվեցին Սեւ ծովի հատակից մայիսի 22-ին եւ 24-ին: Դրանց վերծանմամբ զբաղվում էր ՄԱԿ-ի տեխնիկական հանձնաժողովը, որի կազմում էին մասնագտեներ Ֆրանսիայից, Հայաստանից եւ Ռուսաստանից, հաղորդում է Լենտա.ռու-ն: