14 հունիսի 2006 - 17:19 AMT
Կալիֆորնիայում մտադիր են հուշարձան կանգնեցնել ի հիշատակ բոլոր ցեղասպանությունների զոհերի
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հավանություն է տալիս 1210 օրինագծի ԱԲ կետին ցեղասպանության միջազգային հուշարձանի բացման վերաբերյալ Կալիֆորնիայի նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը նահանգի Վեհաժողովի անդամ Լլոյդ Լեւինն է: Եթե օրինագիծն ընդունվի, ապա Սակրամենտոի Կեպիտոլ-զբոսայգում կկանգնեցվի հուշարձան ի հիշատակ բոլոր կատարված ցեղասպանությունների զոհերի: Ցեղասպանության միջազգային հուշարձանը կդառնա ոչ միայն անցյալում եղած ցեղասպանությունների մասին հիշեցնող խորհրդանիշ, այլ նաեւ դաստիարակչական նշանակություն կունենա հազարավոր ուսանողների համար, որոնք գալիս են Սակրամենտո սովորելու: Հուշարձանը կկանգնեցվի Սուդանի, Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի, Ռուանդայում թութսի ցեղի ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հայտարարել է ԱՀԴՀ արեւմտյան տարածաշրջանի բաժանմունքի ղեկավար Սթիվեն Դավիդյանը, օրենսդրության այս դրույթը մշտական հիշեցում կհանդիսանա կատարված վայրագությունների մասին: «Դա հատկապես կարեւոր է ցեղասպանության, մասնավորապես` Հայոց ցեղասպանության էությունը բացահայտելու համար, որն այսօր ամոթաբար լռության է մատնվում»,-ասել է նա, հաղորդում է ԱՀԴՀ-ն: