14 հունիսի 2006 - 18:51 AMT
Թերի Դեւիսը հրապարակել է «ԿՀՎ օդային բանտերի» մասին զեկույցը
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը չորեքշաբթի օրը հրապարակել է «ԿՀՎ օդային բանտերի» մասին զեկույցը` այն ինքնաթիռների վերաբերյալ, որոնցով ամերիկյան հետախուզական գերատեսչությունը ապօրինաբար տեղափոխել է ահաբեկչական գործունեությանն առնչվելու համար կասկածվող անձանց եվրոպական երկրների օդային տարածքով: Փաստաթղթի ռեզյումեում նշվում է, որ «քաղաքացիական ավիացիոն տրանսպորտում գործող վերահսկման նորմերն ու կարգը համարժեք երաշխիքներ չեն տալիս մարդու իրավունքների խախտման դեմ»: ԵԽ գլխավոր քարտուղարի զեկույցում, որը պատրաստվել է Եվրոպայի Խորհրդի բոլոր 46 անդամ երկրներից ստացված պատասխանների հիման վրա, ասվում է նաեւ, որ «վարչական եւ օրենսդրական միջոցները, որոնք կոչված են պաշտպանելու մարդկանց մարդու իրավունքների խախտումներից, որոնք կատարել են արտերկրյա հատուկ ծառայություների աշխատակիցները, ավելի շուտ բացառություն են, քան կանոն»: Իր զեկույցի արդյունքների հիման վրա Դեւիսը մտադիր է ԵԽ անդամ պետություներին կոնկրետ հանձնարարականներ հղել, ուղղված այն խնդիրների լուծմանը, որոնք բացահայտվել են փաստաթղթի նախապատրաստման ընթացքում: