Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է 2014 թվականի գենդերային հավասարության ամենամյա վարկանշային աղյուսակը, ըստ որի Հայաստանը 142 երկրի թվում զբաղեցնում է 103-րդ տեղը: Միևնույն ժամանակ Վրաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը, Ադրբեջանը՝ 94-րդ,Թուրքիան` 125-րդ, Իրանը` 137-րդ:ԱՄՆ-ը ցանկում 20-րդ տեղում է, Ռուսաստանը` 75-րդ:
Կանանց տնտեսական մասնակցության ցուցանիշով Հայաստանը 82-րդն է, կրթական մակարդակով՝ 31-րդը, առողջական պայմաններով՝ 142-րդը, իսկ քաղաքական ներգրավվածության առումով՝ 123-րդը:
Համաշխարհային տնտեսական ֆորումի գենդերային հավասարության ամենամյա վարկանշային աղյուսակը ցույց է տալիս գենդերային անհավասարության մասշտաբներն ու ժամանակի ընթացքում դրա առաջընթացի տեմպերը: Թեև ոչ մի չափորոշիչ չի կարող ամբողջովին բնութագրել իրավիճակը, տվյալ զեկույցում ներկայացված ինդեքսը ձգտում է չափել գենդերային խտրականության կարևոր ասպեկտներից մեկը` տղամարդկանց և կանանց իրավունքներ իրացման աստիճանների հարաբերակցությունը չորս հիմնական ոլորտներում` առողջապահական, կրթական, տնտեսական և քաղաքական:
Հյուսիսային Եվրոպայի երկրները կրկին առաջ են անցել աշխարհի մյուս պետություններից գենդերային հավասարության մակարդակով. առաջատար դիրքը զբաղեցնում է Իսլանդիան:
Գենդերային հավասարության ամենամյա ինդեքսը կազմող Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ զգալի բարելավվել են ցուցանիշները Ֆիլիպիններում և Ռուանդայում. երկու երկրներն էլ մտել են վարկանշային ցանկի երկրների առաջին տասնյակ:
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն, ռուանդացի կանայք ստացել են առողջապահությանը և կրթությանը մեծ հասանելիություն, ինչպես նաև սկսել են զբաղեցնել նախարարական պաշտոններ:
Գենդերային անհավասարության բարձր մակարդակը շարունակում է պահպանվել Չադում, Պակիստանում և Եմենում, որտեղ իրավիճակը չի փոխվել անցած տարվանից: