30 հոկտեմբերի 2014 - 14:29 AMT
Հակամարտությունների կարգավորումը՝ փոխգործակցության զարգացման գրավական

Պաշտոնական այցով Հորդանանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհին և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունային:

Երկու պետությունների միջև հարաբերությունների ակտիվացման և գործակցության օրակարգի ձևավորման գործում երկուստեք կարևորվել է հայ-հորդանանյան միջխորհրդարանական կապերի դերը: Նշվել է նաև, որ օրենսդիր մարմինների միջև այդ հարաբերությունները դեռևս ցանկալի մակարդակի վրա չեն:

Սերժ Սարգսյանը ՀՀ անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվ քայլեր ձեռնարկել միջխորհրդարանական կապերի ինտենսիվացման ուղղությամբ և կարևորել խորհրդարանական տարբեր մակարդակի պատվիրակությունների փոխայցելություններն ու միջխորհրդարանական բարեկամության խմբերի ստեղծումը:

Նախագահն Ամմանում նաև այցելել է Հորդանանի ազգային թանգարան, ծանոթացել երկրի դարավոր պատմությունը ներկայացնող ցուցանմուշներին և շրջայցի ավարտին գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում.

Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրին:

Զրուցակիցները հայ-հորդանանյան քաղաքական երկխոսության զարգացման հետ միասին կարևորել են տնտեսական ակտիվ գործակցությունը՝ հաշվի առնելով առկա ներուժը: Նրանք ընդգծել են փոխգործակցության զարգացմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը և այդ առումով ողջունելի համարել երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթերը, ինչպես նաև երկու երկրների գործարարների միջև շփումները խրախուսելու երկկողմ պատրաստակամությունը:

ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև հոկտեմբերի 29-ին ստորագրվել են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով գործակցության, դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի վիզա ստանալու պահանջից ազատելու, առողջապահության և բժշկագիտության բնագավառներում գործակցության, ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, տնտեսական գործակցության, զբոսաշրջության բնագավառում գործակցության, գյուղատնտեսության բնագավառում գործակցության մասին համաձայնագրերը: Բացի այդ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Նաև ստորագրվել են Երևանի և Ամմանի միջև քույր քաղաքներ հռչակելու, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի առևտրի պալատի և արդյունաբերական պալատի միջև գործակցության մասին համաձայնագրերը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի առևտրի պալատի և արդյունաբերական պալատի միջև Հայ-հորդանանական գործարար խորհրդի ստեղծման մասին, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի (ՀՀ), Ամմանի առևտրի պալատի և Ամմանի արդյունաբերական պալատի միջև փոխըմբռնման հուշագրեր:

Նախագահը նշել է, որ վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրիի գլխավորած կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական բարեփոխումները տեսանելի են:

Զրուցակիցները տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացման համար կարևորել են նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորումը, խաղաղության ու կայունության հաստատումը:

Սերժ Սարգսյանը Հորդանան կատարած պաշտոնական այցի շրջանակում հյուրընկալվել է նաև Ամմանի քաղաքապետարանում: Քաղաքապետ Ակել Բիլթաջին ամմանցիների անունից ՀՀ ղեկավարին է հանձնել Հորդանանի մայրաքաղաքի բանալին, որը, ըստ նրա, խորհրդանշում է արդեն քույր քաղաքներ դարձած Ամմանի և Երևանի հավերժ բարեկամությունը:

Նախագահը նշել է, որ Երևանում սպասելու են Ամմանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը: Երեկոյան Հանրապետության նախագահը հանդիպել է նաև Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչներին: