16 հունիսի 2006 - 17:36 AMT
Ա-320-ի վթարի պատճառների վերաբերյալ դատողություններն անհիմն են, հայտարարում են «Արմավիայում»
Ա-320-ի վթարի պատճառների վերաբերյալ բոլոր դատողությունները, որ հղում են կատարում անանուն աղբյուրներին, անհիմն են, հայտարարում են «Արմավիա» ընկերության մամլո ծառայությունում: Մամլո ծառայությունում ընդգծել են, որ մինչեւ չավարտվեն Ա-320-ի ինքնագրիչների վերծանման հետազոտական աշխատանքները, ասել, թե ինչն է հանդիսացել ավիավթարի պատճառ, սխալ է:

«Վերջին խոսքը պետք է լինեն ՄԱԿ-ի պաշտոնական արդյունքներինը»,- նշել են մամլո ծառայությունում: «Արմավիայում» նաեւ հերքել են այն հնարավորությունը, որ այդպիսի «անանուն» նյությերը ԶԼՄ-ներում որոշակի նպատակներ են հետապնդում: Սակայն, ավիացիոն շրջանակների աղբյուրները անհանգստություն են հայտնել, որ այդ անանուն ինֆորմացիաներից մի քանիսը գուցե «գնված են» Հայաստանի ազգային փոխադրողին շուկայից վերացնելու համար, հայտնում է Գազետա.ռու-ն:

Հիշեցնենք, որ, ինչպես հայտնում էր «Մոսկովսկի կոմսոմոլեցը», լայների կործանման փաստը հետաքննող հանձնախմբում առկա անանուն աղբյուրը հայտարարել էր, որ Սեւ ծովում Ա-320 ինքնաթիռի կործանման պատճառ է հանդիսացել անձնակազմի սխալը: Երկու «սեւ արկղերի» վերծանումը ցույց է տվել, որ օդաչուները կորցրել են «տարածության կողմնորոշումը» վատ եղանակային պայմաններում: Բացահայտված է, որ ինքնաթիռի երկրորդ շրջադարձի ժամանակ, որին նրան ուղարկել էր Ադլերի օդանավակայանի դիսպետչերը, ինքնաթիռը անձնակազմի կողմից ղեկավարվել է ձեռքով: Բացի այդ օդաչուները չափազանց մեծ թեքվածք են թույլ տվել շրջադարձի ժամանակ: Այդ գործոնները, մասնագետների կարծիքով, եւ բերել են ինքնաթիռի կործանմանը:

Հիշեցնենք նաեւ, որ 2006 թվականի մայիսի 3-ին Ադլերի օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց հայկական «Արմավիա» ընկերության Ա-320 աէրոբուսը: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր ուղեւորները (105 մարդ` որոնցից 26-ը` Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը` Վրաստանի, մեկը` Ուկրաինայի, մյուսները` Հայաստանի) եւ անձնակազմի ութ անդամները (երկու օդաչուները, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդները):