Թուրքիան և Ֆրանսիան քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Այդ մասին ուրբաթ օրն ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հայտնում է Haqqin.az-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով: Կողմերը նաև քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ի երեկոյան տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը:
Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:
Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար այս տարի արդեն երրորդն է: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:
Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:
Էրդողանն ու Օլանդը քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում: Ըստ RFI-ի, Թուրքիայի նախագահը իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ միջազգային հանրության ուշադրությունը չափից ավելի է սևեռվել Կոբանիի վրա և հայտարարել է, որ այնտեղ ընդամենը 2000 մարտիկ է մնացել ու խաղաղ բնակիչներ չկան (քրդերի ներկայացուցիչները հայտարարում են, որ եթե ահաբեկիչները գրավեն քաղաքը, հազարավոր բնակիչներ կկոտորվեն, իսկ մարտերի հետևանքով արդեն իսկ 200 հազարը փախստական է դարձել»: Էրդողանը նաև կրկնել է առաջարկը Սիրիայի տարածքի հաշվին բուֆերային գոտի ստեղծելու և Ասադի դեմ կռվող աշխարհիկ սիրիական ընդդիմությանը սատարելու վերաբերյալ:
Օլանդը համաձայն էր Էրդողանի հետ այն առումով, որ կարևորագույն քաղաքը ոչ թե Կոբանին է, այլ Հալեպը, սակայն նշել է, որ նույնիսկ եթե այնտեղ չի մնացել քաղաքացիական բնակչություն, քաղաքին աջակցել է պետք: «Մենք հուսով ենք, որ Թուրքիան կսատարի այդ հարցում»,-ասել է նա:
Ավելի վաղ Էրդողանը համաձայնություն տվեց, որ քրդական փեշմերգաների ջոկատներն Իրաքից անցնեն Սիրիա թուրքական տարածքով, սակայն դեմ է արտահայտվել Կոբանիում մարտնչող ՔԱԿ ջոկատներին, որոնք պայքարում են նաև Թուրքիայի քրդաբնակ շրջանների անկախության համար: Փեշմերգաների առաջին ջոկատը նախօրեին հասել է քաղաք թուրքական տարածքով: Թուրքաբնակ քրդերը ցնծությամբ էին դիմավորում քաղաքին օգնության շտապող ջոկատներին:
Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Հուլիսին ահաբեկիչներն արդեն գրոհել են շրջանը, բայց ետ մղվել:
Թուրքիայում բողոքներ սկսվեցին, երբ «Իսլամական պետության» գրոհայինները գրավեցին սիրիական քրդաբնակ Կոբանի ծայրամասերը, ավելի ուշ կոալիցիոն ուժերը կարողացան ետ մղել ահաբեկիչներին: Քրդերը վճռական գործողություններ են ակնկալում Անկարայից՝ մասնավորապես պահանջելով, որ թուրքական կողմը զենք մատակարարի պաշարվածներին, իսկ առավել ծայրահեղականները հայտարարում են, որ անհրաժեշտ է թուրքական զորքեր մտցնել Սիրիայի տարածք:
Ըստ քրդերի Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորներին Սիրիա անցնելու գործում, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ բողոքները մի քանի անգամ վերածվել են բախումների թուրքական ոստիկանության հետ անմիջապես սահմանին, Կոբանից ոչ հեռու, ինչպես նաև բազմաթիվ ցույցերի ժամանակ թուրքական այլ շրջաններում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթում մի շարք հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-ամյակի և Անկարայի դիրքորոշման մասին այս հարցում:
Ըստ ԱՊԱ գործակալության, Էրդողանը հերթական անգամ հիշեցրել է 2005 թ. արված արխիվներն ուսումնասիրելու առաջարկի մասին և հայտարարել է, թե թուրքերի «բարի մտադրությունները» հայերի հանդեպ անարձագանք մնացին: «Մենք բացեցինք մեր արխիվները, մինչ օրս շուրջ մեկ միլիոն փաստաթուղթ է բացահայտվել: Եթե Հայաստանը ունի նման արխիվ, թող բացի: Ինչպես և ցանկացած երրորդ երկիր: Թող այնտեղ աշխատեն պատմանբանները, հնագետները, իրավաբաններն ու քաղաքագետները: Իսկ մենք քայլեր կկատարենք ըստ այդ հետազոտությունների արդյունքների»,-ասել է նա:
Անդրադառնալով Անկարայի քաղաքականությանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին՝ Էրդողանը հասկացրել է, որ Թուրքիան կշարունակի մերժողական քաղաքականությունը: «Հայաստանի հետ մեկ այլ ֆորմատում հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլ անողը, ձեռք մեկնողը մենք ենք եղել: 2015 թվականին, այսինքն՝ 1915 թվականի դեպքերի հարյուրամյակին, մենք աշխարհին իրականությունը ներկայացնելու համար կշարունակենք ակտիվ ջանքեր գործադրել: Անկասկած այս հարցում ոչ թե հորինված, գաղափարախոսությանը գերի դարձած կամ էլ քաղաքական շահարկման առարկա դարձած պատմությունը, այլ իրական պատմությունն է հաղթելու: Հավատում ենք, որ այս հարցում Ֆրանսիան էլ կլինի ողջամիտ և իրական ճշմարտությանը սատար կկանգնի»,- ասել է Թուրքիայի նախագահը Փարիզում:
Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» թերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Էրդողանի փարիզյան քննարկումների օրակարգը բավական հագեցած է տարատեսակ թեմաներով: Մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահը պաշտոնական Փարիզին ցանկություն է հայտնելու, որ վերջինս չեզոքություն հանդես բերի: