17 հունիսի 2006 - 16:25 AMT
Ղարաբաղ. ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ի համանախագահի փոփոխությունը չի բերի դիրքորոշումների փոփոխության
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի փոփոխությունը չի ազդի Ղարաբաղյան հարցով համանախագահող երկրների դիրքորոշումների փոփոխության վրա: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀԴ «Դաշնակցություն» խորհրդարանական կուսակցության անդամ, արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնախմբի նախագահ Արմեն Ռուստամյանը: «Չեմ կարծում, որ դա կազդի դիրքորոշումների փոփոխության վրա: Համանախագահներն արդեն բազմաթիվ անգամներ փոխվել են, սակայն որեւէ հետեւանք ռոտացիայից չի եղել»,- ընդգծել է նա:

Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ-ն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առավել ընդունելի եւ օպտիմալ ձեւաչափը ներկա դրությամբ, չնայած, որ գործընաթացը էական փոփոխություններ չի կրել: «Սակայն դա նրանց մեղքը չէ: Միջնորդները արդեն մեծ ծավալի աշխատանք են կատարել եւ ծանոթ են իրավիճակին: Հրաժարվել այդ ձեւաչափից ու փնտրելը նորը չի կարելի»,- ասել է ՀՀԴ «Դաշնակցության» անդամը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:

Նշենք, որ Մեթյու Բրայզան նշանակվել է Ղարբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ մինսկի խմբի ԱՄՆ-ի կողմից նոր համանախագահ հունիսի 15-ին: