Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
Հոկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Հոկտեմբերի 11-18-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 550 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:
Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ի երեկոյան տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը:
Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը:
Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախագահների եռակողմ հանդիպումը որակել է օգտակար և կառուցողական: «Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը և վստահության ամրապնդմանը: Կարծում եմ, որ այսօր ևս մի փոքր քայլ արվեց՝ ավելի մոտեցնելու կողմերի դիրքորոշումը: Իհարկե, սա բարդ գործընթաց է և մեկ-երկու հանդիպումներով դժվար է եզրակացնել, որ ինչ-որ բեկումնային առաջընթաց կարձանագրվի: 2008-ից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել և կասեի, որ այս հանդիպումներն, իհարկե, օգտակար են և հնարավորություն են տալիս նախագահներին ավելի ծանոթանալու միմյանց մոտեցումներին և ավելի պարզ դարձնելու հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ առաջ գնալու հնարավորությունների շրջանակը: Կարծում եմ՝ այս իմաստով հանդիպումը դրական էր: Նախագահների մակարդակով հաստատվեց, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, պետք է գնալ խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ասել է ԱԳ նախարարը:
Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար այս տարի արդեն երրորդն է: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:
Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: