7 նոյեմբերի 2014 - 10:22 AMT
Արարատի մարզի որոշ համայնքներում տեղադրվել են արևային «էլեկտրական հովիվներ»

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում են նոր նախագիծ, որն իրականացվում է «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում: Համագործակցող կողմերը Արարատ մարզի Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր համայնքներում սկսել են տեղադրել տարածքի հսկողություն իրականացնող «էլեկտրական հովիվ», ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Արևային էներգիայով աշխատող էլեկտրական ցանկապատի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավարներ Կարապետ Կարապետյանը (Շաղափ), Հովհաննես Դավթյանը (Լանջանիստ), Ռաֆիկ Անդրեասյանը (Ուրցաձոր) և հիշատակված գյուղերի բնակիչները: Միջոցառման ընթացքում, «Էլեկտրական հովիվ» արտադրող առաջին (1938թ.) և առավել հաջողակ Գալլագեր կազմակերպության ներկայացուցիչը` Հենկ Բլակը, ներկայացրել է նորարարական համակարգի աշխատանքը: Նա Հայաստան է հրավիրվել FPWC-ի աշխատակազմի և շահառուների վերապատրաստման նպատակով:

Արևային «էլեկտրական հովիվը» արդյունավետ միջոց է՝ գիշատիչների որսը կանխելու, ընտանի կենդանիների և անասնագոմերի պաշտպանության համար: Էլեկտրական այս ցանկապատը հրաշալի միջոց է նաև նորատունկ այգիներ և դաշտեր պաշտպանելու տեսանկյունից: Առաջարկվող մեթոդը մարդ–վայրի բնություն հակամարտությունը նվազեցնելու և ներդաշնակություն ստեղծելու ժամանակակից, արդյունավետ լուծում է: Արդեն մի քանի տասնամյակ, նորարարական այս մեթոդը հաջողությամբ կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում:

Այսօրինակ միջոցառումները կարևոր են առկա խնդիրների մասին բարձրաձայնելու և շահառու համայնքներին նորարարական լուծում առաջարկելու տեսանկյունից: Ծրագրի շրջանակներում թիրախային համայնքներում նախատեսվում է տեղադրել արևային ութ «էլեկտրական հովիվ»:

«Անասնագոմերն ու ընտանի կենդանիներին գիշատիչներից պաշտպանող էլեկտրական ցանկապատի կառուցումը հերթական նորարարական ծրագրերից է, որոնք իրագործում ենք մեր հիմնական գործընկերներից մեկի՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ: Առաջին անգամ Հայաստանում անասնապահները պայքարում են գիշատիչների դեմ նման միջոցներով: Լանջանիստ, Ուրցաձոր և Շաղափ գյուղերի անասնապահները այժմ կարող են ապրել առանց վախի՝ իրենց ունեցվածքի կամ կյանքի համար: Ամենակարևորն այն է, որ ցանկապատի վրա ծախսվող էլեկտրականությունը ստացվում է արևային էներգիայից՝ առանց ավելորդ բեռ դառնալու գյուղական համայնքների սուղ բյուջեի համար: Այս ծրագիրը, ինչպես հիմնադրամի հետ համատեղ իրականացվող շատ այլ նախագծեր, կյանքի է կոչվում համայնքի աջակցությամբ, մարդկանց հետ ձեռք ձեռքի, քանի որ սա միակ ճանապարհն է դեպի կայուն զարգացում: Այս ծրագրերը ուսուցանում և նախապատրաստում են մարդկանց», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այլընրանքային էներգիա» ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Տասն ամիս տևողությամբ ծրագիրը, որն իրականացվելու է Գեղարքունիքի (Վահան և Ծովագյուղ) և Արարատի (Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր) մարզերի հինգ համայնքներում, պարունակում է երկու բաղադրիչ` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` համայնքներին այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում (արեգակնային ջեռուցման համակարգ, էլեկտրական ցանկապատեր, LED փողոցային լուսավորություն): Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը հավակնում է դառնալ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը: