20 հունիսի 2006 - 16:46 AMT
ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կնպաստի Հայաստանի եվրաինտեգրման հետագա գործընթացին
ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի եւ Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչի այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության հարցերը: Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց սահմանադրական փոփոխությունների արտացոլումը Հայաստանի օրենսդրության մեջ, որ նշանակում է շուրջ 60 օրենքների լրամշակումներ: Արժեւորելով Հայաստանի քաղաքական մթնոլորտի բարելավումը` առաջիկա համապետական ընտրություններից առաջ` Աժ նախագահը նշեց, որ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բավարար չեն ժողովրդավարական չափանիշներով ընտրությունների անցկացման համար, նա անթույլատրելի համարեց քաղաքական ուժերի թշնամանքը միմյանց նկատմամբ` կարեւորելով նրանց մրցակցությունը: Քաղաքական մթնոլորտի բարելավումը եւ ժողովրդավարական չափանիշներով ընտրությունների անցկացումը, ըստ ԱԺ նախագահի, կնպաստի նաեւ եվրոպական ինտեգրման հետագա զարգացումների ապահովմանը: Անդրադարձ եղավ նաեւ հայ-գերմանական համագործակցությանը, Հայաստանում գերմանական հիմնադրամների գործունեությանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: