ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 800 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 7000 կրակոց:
Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող ՄԻ-24 ուղղաթիռը:
Այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահում վերահսկողության տակ:
Ավելի վաղ ԼՂ ՊԲ նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմն այսօր ևս շարունակում է ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրը կրակի տակ պահել: Նա նշել է, որ իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել և հակառակորդը անդադար խախտում է հրադադարի ռեժիմը, գրում է Tert.am-ը:
Նոյեմբերի 14-ին Հայաստանի զինված ուժերի (ներառյալ Պաշտպանության բանակը) օպերատիվ մարտավարական լայնամասշտաբ զորավարժություններն ավարտվել են։ «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված է ավելի քան 17.000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1.200 ավտոմեքենա։
ԼՂՀ ՊԲ կողմից զորավարժություններին մասնակցում էր մոտ 30.000 զինծառայող, այդ թվում նաև պահուստային ռեզերվից, 1550 միավոր հրետանի, 600 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 300 միավոր, 106 միավոր հատուկ տեխնիկա, 1300 միավոր հակատանկային միջոց, մոտ 3000 ավտոմեքենա:Այսպիսով, ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցում է մոտ 47 000 մարդ, 2100 միավոր հրետանի, 850 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 450 միավոր, 260 միավոր հատուկ տեխնիկա, 1600 միավոր հակատանկային միջոցներ, մոտ 4200 ավտոմեքենա:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Կարդացեք նաև՝Նախագահը՝ խոցված ուղղաթիռի մասին. Բոլորս հիշում ենք ամեն ինչ, և հատուցման օրը գալու է