22 հունիսի 2006 - 14:20 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ստամբուլ ուղեկցվում է սկանդալով
Հունիսի 20-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հովվապետական այցով մեկնել է Ստամբուլ` Հույն ուղղափառ եկղեցու տիեզերական պատրիարք Բարդուղոմեոս Առաջինի եւ Կոնստանդինոպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հրավերով: Թուրքական հանրային հեռուստատեսությունն անտեսել է կաթողիկոսի այցը: Գարեգին Երկրորդի այցին անդրադարձել է թուրքական NTV-ն, կենտրոնական «Միլլիեթ» եւ «Սաբահ» թերթերը, ընդ որում առաջին էջերում: Ըստ նրանց տեղեկատվության, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ժամանման կապակցությամբ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում ձեռնարկվել են անվտանգության արտակարգ միջոցներ, արգելվել է լրագրողների մուտքը օդակայանի տարածք: Կաթողիկոսին ինքնաթիռի տրապի մոտ դիմավորել է Կոնստանդինոպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը եւ նրանք լքել են օդակայանը, չանցնելով VIP սրահով, ինչպես նախատեսված էր, այլ այն մեքենայով, որն առանձնացել է ավտոշարասյունից եւ անսպասելիորեն մոտեցել օդակայանին: Այդ ժամանակ օդակայանի մուտքի մոտ բողոքի ցույց էր կազմակերպել մոտ 50 հոգուց բաղկացած մի խումբ: Կոնստանդինոպոլսի պաշտոնական լրատու «Լրաբերը», լրացնելով կայքում թուրքական ԶԼՄ-ներին, գրում է, որ ցուցարարները ձվեր են նետել Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Կոնստանդինոպոլսի պատրիարքին դիմավարող մեքենաների վրա: Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունել են պատրիարքարանի շենքում, որը գտնվում է թուրքական անվտանգության ուժերի շուրջօրյա հսկողության տակ:
«Մենք անհանգստացած ենք: Սակայն այդ մտահոգությունը վերաբերում է ոչ թե կաթողիկոսին, այլ ազգայնական եւ շովինիստական տրամադրություններին, որոնք աստիճանաբար ուժգնանում են մեր երկրում, եւ դրանով պայմանավորված հնարավոր զարգացումներին»,-հայտարարել է արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը: Ավելին, նույն օրը, ինչպես նշում է «Լրաբերը», կաթողիկոսի այցի կապակցությամբ Կոնստանդինոպլսի պատրիարքը դիմել է խնդրագրով, որտեղ խնդրել է Ստամբուլի նահանգապետին անվտանգության խիստ միջոցներ ձեռնարկել:
Նշենք, որ «Լրաբերը», հայերենից բացի, ունի նաեւ թուրքալեզու եւ անգլալեզու կայքեր: Սակայն հատկանշական է, որ վերոհիշյալ կարճ, կցկտուր տվյալները Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի վերաբերյալ հրապարակվել էին միայն թուրքական կայքում: Ինչ վերաբերում է կայքի անգլիական կամ հայկական վարկածին, ապա այստեղ տեղեկություններ են զետեղվել, ըստ որի «պատրիարքը մասնակցել է Ռուսաստանի դեսպանի կազմակերպած ընդունելությանը», «պատրիարքը այցելել է Գելիգոլու թերակղզում անմեղ զոհվածների շիրիմներին»... Եվ ոչ մի խոսք Գարեգին Երկրորդի այցի մասին: Ստամբուլի հայերը գիտեն թուրքերեն, իսկ սփյուռքի եւ Հայաստանի հայերը` ոչ, եւ ի տարբերություն ստամբուլահայերի նրանց հարկավոր են հայկական կամ անգլիական կայքերը: Գարեգին Երկրորդի այցի մասին տեղեկատվությունը զետեղելով միայն թուրքալեզու կայքում, պատրիարքարանի պաշտոնական լրավամիջոցը` «Լրաբերը» զրկում է սփյուռքի եւ Հայաստանի հայերին Գարեգին Երկրորդի այցի մասին սկզբնաղբյուրից տեղեկություններ ստանալու հնարավորությունից, հնարավորինս սահմանափակելու համար արձագանքները կաթողիկոսի այցի վերաբերյալ, հաղորդում է «Ազգ» թերթը: