1 դեկտեմբերի 2014 - 09:03 AMT
Բոլիվիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել

Նոյեմբերի 26-ի նիստում Բոլիվիայի խորհրդարանի 2 պալատը միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ օրինագիծը: Ինչպես իր խոսքում նշել է Բոլիվիայի Սենատի նախագահի տեղակալ, Սենատի գործող նախագահՍոնյա Գուարդիա Մելգարը,Սենատի ու պատգամավորների պալատներըբանաձևն ընդունել են ԱԳՆ հավանությամբ:

«Մեր աջակցությունը, համերաշխությունն ու բարեկամությունն ենք հայտնում հայերին ու քրդերին, քանի որ մեր Սահմանադրությունը «ոչ» է ասում մարդու իրավունքների խախտումներին, ցեղասպանություններին և խտրականությանը»,- նշել է նա, գրում է Prensa Armenia-ն:

Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ առաքելական Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում՝ կիրակնօրյա պատարագից հետո, Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատն Օսմանյան կայսրության իրականացրած 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը հանձնել են Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանին և Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանին:

Միջոցառմանը մասնակցել են Սոնյա Գուարդիա Մելգարը և Պատգամավորների պալատի պատգամավոր Ֆարիդես Վալա Սուարես դե Սուարեսը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարար Էդվարդ Նալբանդյանն ավելի ուշ հայտարարություն է տարածել՝ հայկական կողմի անունից երախտագիտություն հայտնելով Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին:

«Այս քայլով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի վեհ գործում»։

Մինչև այդ, փաստաթղթերի հանձնման արարողությանն իր ելույթում Սոնյա Մելգարը, անդրադառնալով Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նշել է, որ Բոլիվիայի ժողովուրդն ու իշխանությունները ոչ միայն իրենց համերաշխությունն ու զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին` հանուն արդարության պայքարի գործում, այլև դատապարտում 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականության ցանկացած դրսևորում: Նա ընդգծել է նաև, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի և պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնությունը:

Իր ելույթում դեսպան Մելիքյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների անունից խորին երախտագիտություն է հայտնել Բոլիվիայի ժողովրդին և իշխանություններին՝ այս կարևոր և պատմական իրադարձության առթիվ:Ըստ դեսպանի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին Բոլիվիայի կողմից այս ճանաչումը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում և ևս մեկ անգամ ապացուցում, որ ժխտողականության և մերժողականության քաղաքականությունը չի կարող պայքարել արդարության և ճշմարտության հաստատման դեմ:

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատի ընդունած փաստաթղթերում, մասնավորապես, հայտարարվում է.

«1915 թվականի ապրիլի 24-ի գիշերն Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև` պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1965-ից, երբ Ուրուգվայն առաջինը ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ուղղված այդ ոճրագործությունը։ Ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915-ին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Արգենտինան, Ավստրալիան, Բելգիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լիբանանը, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Վատիկանն ու Վենեսուելան:

Հունիսի 24-ին Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար տարածաշրջանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները: