2 դեկտեմբերի 2014 - 16:30 AMT
Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու մասին օրինագիծը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը: Այդ մասին ասված է ստորին պալատի տվյալների բազայում:

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի ավելացնի ՌԴ դաշնային բյուջեի ծախսերը, ասվում է օրինագծի ֆինանսատնտեսական հիմնավորման մեջ, հայտնում է «Ինտերֆաքս-Արևմուտքը»:

ԵՏՄ-ն կգործի 2015-ի հունվարի 1-ից: Ըստ պայմանագրի, մասնակից երկրների տարածքում ենթադրվում է ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, տնտեսության գլխավոր ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության անցկացում:

Ինչպես ավելի վաղ ասվել էր, Պուտինը հույս էր հայտնել, որ մինչև տարվերեջ Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին: «Ըստ իս, Հայաստանը պատրաստ է հավասարազոր պայմաններով աշխատել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ ԵՏՄ կազմում»,-ասաց նա: Ըստ նրա, համեմատաբար սեղմ ժամկետում 2013-ի աշնանից սկսած հայ գործընկերները «համաձայնեցրել են տնտեսական չափանիշները ընդհանուր չափանիշների հետ, համահունչ դարձնելով ազգային օրենսդրությունը ինտեգրացիոն միավորման նորմերին»:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ:

«Մենք պետք է ինտեգրացիոն ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ահա հիմա ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը, մենք հուսով ենք, որ մեր երկխոսությունը կակտիվանա, մենք մեր եվրոպացի գործընկերների համար կազմել ենք օրակարգի մեր տեսլականը: Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,-ասել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է միասնական տարածքի ձևավորման մասին առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ:

Ի պատասխան ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ԵՏՄ հետ երկխոսության: