Լիբանանյան բանակին հաջողվել է ձերբակալել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիի կնոջն ու որդուն:
Ինչպես հայտնում է Al-Jazeera-ն, ահաբեկչի ընտանիքի անդամները ձերբակալվել են սահմանը հատելու ու Սիրիա անցնելու փորձ կատարելիս: Նրանք կեղծ անձնագրեր ունեին: Ձերբակալվածները տեղափոխվել են Լիբանանի պաշտպանության նախարարություն, որտեղ նրանց հարցաքննում են: Ըստ լիբանանյան աղբյուրների, գործողությունն իրականացվել է օտարերկրյա հետախուզության օգնությամբ:
Ըստ նոյեմբերին տարածված լուրերի, Ալ Բաղդադին վիրավորվել էր Իրաքի հյուսիսում ավիահարվածի ժամանակ: Սակայն այդ տեղեկությունը չհաստատվեց, իսկ ահաբեկիչների ներկայացուցիչները հերքեցին այն:
Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:
Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: