27 հունիսի 2006 - 14:07 AMT
Բաքուն երբեք չի կարող ստիպել Ղարաբաղի ժողովուրդին հրաժարվել ազատության եւ ինքնորոշման իրավունքներից
«Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ մշտական խորհրդին եւ դրան հաջորդած ամերիկացի համանախագահ Մետյու Բրայզայի հարցազրույցը, որտեղ առաջին անգամ, թեեւ հատվածաբար, բացվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները, ինչպես նաեւ Ադրբեջանի հուսալքված հայտարարությունները ռազմական լուծման եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության վերաբերյալ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է.

Համանախագահները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները մասնակի են բացել, մասնավորպես, դուրս են մնացել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի եւ մինչեւ հանրաքվե ԼՂ միջանկյալ կարգավիճակի խնդիրները:

Համանախագահներն առաջին անգամ հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կողմից ռեֆերենդումի միջոցով:

Բանակցությունների ընթացքում ի հայտ եկած անհամաձայնությունները չեն վերաբերում հանրաքվեին` այդ հարցը նախագահների միջեւ արդեն համաձայնեցված է: Տարաձայնությունները վերաբերում են ԼՂ ռազմական կոնֆլիկտի առաջացրած հետեւանքների վերացման հերթականությանը:

Կոնկրետ այդ հարցին առնչվող տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների Ռամբույեի փուլից հետո Բուխարեստում սեղանի վրա դրված առաջարկություններին Հայաստանը համաձայնել է, իսկ Ադրբեջանը` մերժել:

Հայաստանը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները, խոշոր հաշվով, լուրջ հիմք են բանակցությունները շարունակելու համար, եւ մենք պատրաստ ենք այդ հիմքի վրա բանակցել Ադրբեջանի հետ:

Հայաստանը համարում է, որ Բաքվի փոփոխամտությունը այս տարրերի նկատմամբ լուրջ խոչընդոտ է բանակցությունների առաջընթացում: Նման քաղաքականության շարունակության դեպքում, Հայաստանը կպնդի, որ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ:

Եւ, վերջապես, մեկ անգամ եւս կուզենայինք հիշեցնել Ադրբեջանին, որ նա, անկախ ռազմական բյուջեի չափերից, երբեք չի կարող ստիպել Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին հրաժարվել իրենց ազատության եւ ինքնորոշման իրավունքներից»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում: