
Թուրքիան ուղղակի և անուղղակի աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցություններին: Այս մասին Բեռլինում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը` հավելելով, որ պատրաստ են աջակցել այն բոլոր լուծումներին, որոնք կընդունվեն երկու երկրի կողմից:
Իսմեթ Յըլմազը մասնակցել է անվտանգության հարցերով 13-րդ բեռլինյան կոնֆերանսին և ելույթի ժամանակ նշել, որ Եվրոպան կանգնած է հարակից շրջաններում ահագնացող սպառնալիքների առաջ: Ըստ Յըլմազի՝ Թուրքիան, գտնվելով երեք աշխարհամասերը, երեք ծովերը, տարբեր մշակույթները միավորող աշխարհագրական դիրքում, մոտիկից հետևում է բոլոր զարգացումներին, թուրքական Haberler-ին հղումով գրում է Ermenihaber-ը:
1993-ից Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:
Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի 1-ինի Թուրքիա կատարած այցին ու հայ-թուրքական սահմանի բացվելու վերաբերյալ հնչեցրած կարծիքին, ասել է, որ դա «ընդամենը Հռոմի պապի ցանկությունն է»:
«Մենք էլ ենք ուզում, որ սահմանը բացվի: Բայց հայկական հարցում միայն Թուրքիան է քայլ կատարում: Մյուս կողմը ձայն չի հանում: Մեր մեկնած ձեռքն անպատասխան է մնում»,- ասել է արտգործնախարարը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա այցելության ժամանակ հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի՝ նշելով, որ դա «իմ սրտի ցանկությունն է»: Նա կոչ է արել աղոթել, որ հայ և թուրք ժողովուրդները փոխհամաձայնության գան:
Ավելի վաղ` նոյեմբերի 28-ին,Չավուշօղլուն հայտարարել էր, թե իրենք կողմնակից են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը` դժգոհելով, թե հայերը դեռ «գրաված են պահում Ադրբեջանի հողերը»:
Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ հայկական կողմը անպատասխան է թողել ժամանակին Թուրքիայի վարչապետ Էրդողանի` համատեղ հանձնաժողով ձևավորելու և արխիվները բացել-ուսումնասիրելու մասին առաջարկը: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ արտգործնախարարը նշել է, թե իբր Անկարան որոշակի նախաձեռնություններով է հանդես եկել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար: Որպես օրինակ` նշել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի 2008-ին Հայաստան կատարած այցը:
Նոյեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ Մևլութ Չավուշօղլուն և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը քննարկել են Կիպրոսի հարցն ու Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-ամյա տարելիցի հետ կապված հարցեր:
Չավուշօղլուն դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Թուրքիան չափազանց զգայուն է 1915 թվականի իրադարձությունների հարցում, և եթե այն հայտնվի ԱՄՆ օրակարգում, կարող է վնասել երկկողմ թուրք-ամերիկյան հարաբերություններին:
Օրերս, ելույթ ունենալով խորհրդարանում, Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան ամեն ինչ կանի, կասեցնելու համար Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում: Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում և թուրք լոբբիստները գործակցում են այդ հարցում Թուրքիայի նախարարությունների հետ:
«2015-ը ոչ վերջն է, ոչ էլ սկիզբը: Թուրքիան գործում է ըստ երկարաժամկետ ռազմավարության և սառնասրտորեն է գնահատում 2015 թվականը, առավել լայն հեռանկարի տեսանկյունից»,-մեջբերում է Չավուշօղլուի խոսքն Asbarez-ը: Ըստ Չավուշօղլուի, Անկարան ուշադիր հետևելու է երրորդ երկրներում Հայաստանի կազմակերպած քարոզարշավին Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Ընդ որում, նա հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով Թուրքիայի մտադրությունները չեն փոխվել:
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն անդրադարձել էր Վաշինգտոնի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին: Պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյո՞ք ԱՄՆ-ն 2015-ին ճանաչել «հայերի սպանությունները» որպես ցեղասպանություն՝ Բասը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն արտացոլված է վարչակազմի նախորդ հայտարարություններում:
Կարդացեք նաև` Թուրք պատգամավորն առաջարկում է ընդունել Հայոց ցեղասպանությունը. Օրինագիծը խորհրդարանում է