13 դեկտեմբերի 2014 - 11:50 AMT
Ի՞նչ խորհուրդներ է տալիս Մահչուբյանը. Թուրքիայի կողմից զիջումները և սահմանի բացումն անհնար են

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուբյանը հրապարակել է Հայաստանի հետ սահմանի բացման պայմանները:

«Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել միայն այն դեպքում, եթե լինի փաթեթային կարգավորում, և դա վերաբերում է ինչպես թուրք-հայկական, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերություններին»,-ասել է Մահչուբյանը:

«2015-ի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական ամսաթիվ է, որի մոտեցումը ծայրահեղական սրացում է առաջացնում հայերի միջավայրում: Նրանք մոտենում են ամենաանհանդուրժողական դիրքերից»,-ասել է դիվանագետը` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյակը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մահչուբյանը չի հավատում, որ Թուրքիան ինչ-որ գործողություններ կձեռնարկի հայերի պահանջներին ի պատասխան: «Հայկական կողմի նմանօրինակ մոտեցման պայմաններում զիջումները Թուրքիայի կողմից ցեղասպանության հարցում և սահմանի բացումն անհնար են»,-հայտարարել է Մահչուբյանը: Ըստ նրա, եթե ինչ-որ քայլեր լինեն էլ Թուրքիայի կողմից, ապա միայն մեկ տարի անց, «երբ կրքերը հանդարտվեն»:

Նա հիշեցրել է, որ այս տարի պատմության մեջ առաջին անգամ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձով հանդես եկավ` իր ցավակցությունը հայտնելով և մեկ դարի վաղեմություն ունեցող այդ իրադարձությունները համարելով երկու ժողովրդների ընդհանուր ցավը: Ըստ նրա, «դա որոշակի նշաձող է, որից թուրքական կողմը երբեք չի նահանջի»:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

Կարդացեք նաև`Ցեղասպան Ջեմալի թոռը Երևանում փորձում էր արդարացնել պապին. Ապարդյուն էր