17 դեկտեմբերի 2014 - 13:14 AMT
«Գազպրոմ Արմենիա»-ն հնարավոր է գազի սակագնի վերանայման հարցով դիմի ՀԾԿՀ (թարմացված)

Եթե շարունակվի ՀՀ դրամի անկումը դոլարի նկատմամբ, ապա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իր իրավասության շրջանակում, մոնիտորինգի արդյունքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու որոշում կկայացնի՝ սակագնի վերանայման հարցով: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, մեջբերում է Tert.am-ը:

«Ընկերության կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում իրավիճակի հետ կապված, և եթե առաջիկա ամիսներին պահպանվեն արտարժույթի փոխարժեքի աճի միտումները, և ընկերությունը շարունակի վնասներ կրել, ապա մոնիտորինգի արդյունքներին համապատասխան որոշում կկայացվի՝ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հետ կապված»,- ասել է նա:

«Գործող կարգի հիմքերով՝ ընկերությունն ունի իրավունք դիմելու կարգավորող մարմնին՝ սակագնի վերանայման հետ կապված՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ ազգային արժույթի՝ դրամի տատանումները»,-հավելել է Սարդարյանը:

Ավելի վաղ նա հայտնել էր, թե այս պահին գազի սակագինը սահմանին նույնն է՝ 189 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց և սակագնի վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու անհրաժեշտություն չկա:

Բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում 1 դոլարը 416,5 ՀՀ դրամ փոխարժեքն է:

Միևնույն ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը հայտնել է, որ կոմունալ ծառայությունների գների փոփոխման հայտ հայկական ընկերությունները դեռ չեն ներկայացրել:

«Մենք գների վերանայման ոչ մի հայտ չենք ստացել», - ասել է Ստեփանյանը, մեջբերում է ԱՌԿԱ գործակալությունը:

«Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեկբերի 9-ին գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել ՀԾԿՀ՝ ներքին սպառման գազի սակագնի «ճշգրտման» հայտով: Գործող սակագնի հիմքում մեկ դոլարի փոխարժեքը 410 դրամ է, իսկ ներկայումս մեկ դոլարի գինը հասնում է 460 դրամի: Ընկերությունն էլ Ռուսաստանից գազը գնում է դոլարով: Այն ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը ևս հայտարարել էր, թե գազի սակագնի վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու անհրաժեշտություն չկա:

Սպառողների համար գազը թանկացել էր 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրել էր Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց:

Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն բնական գազի մատակարարում է ապահովում Հայաստանի ներքին շուկայի համար։ Ընկերությունը զբաղվում է նաև բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։