4 հուլիսի 2006 - 18:47 AMT
Գարեգին Երկրորդ. Ահաբեկչությունն այսօր նոր երանգներ է ստանում, ներխուժելով մշակույթի ոլորտ
Ահաբեկչությունն այսօր նոր երանգներ է ստանում, ներխուժելով մշակույթի ոլորտ: Վերջերս մենք դարձանք մարդկանց կրոնական զգացմունքների վիրավորման ականատեսները: Այդ մասին հայտարարեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մոսկվայում անցնող Կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովում: Նրա խոսքերով, այսօր առավել արդիական է «մարդու բարոյականության պահպանմանն ուղղված ջանքերի, նրա կամքի ազատ արտահայտման, հոգեւոր-մշակութային վանդալիզմի եւ ցեղասպանության դեպքերի կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»: Գարեգին Երկրորդը նշել է նաեւ, որ կա նաեւ հասարակության կյանքից կրոնական արժեքները դուրս մղելու խնդիր: «Հոգեւոր առաջնորդները չպետք է հանգիստ նայեն կլոնավորման, էվտանազիայի, ընդհանուր առմամբ հանրության բարոյալքմանն ուղղված այդ փորձերին»,-ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը: Գարեգին Երկրորդը կոչ է արել գագաթնաժողովի մասնակիցներին միավորել ջանքերը, որպեսզի ժամանակակից տեխնոլոգիաների, քաղաքականության եւ տնտեսության զարգացումը չծառայի աշխարհում բռնության, զանգվածային ոչնչացման զենքի, այլատյացության տարածմանը, աղքատների եւ հարուստների միջեւ ճեղքվածքի ավելացմանը, բարոյալքմանն ու այլ արատներին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: