5 հուլիսի 2006 - 14:26 AMT
Մարինա Դոլգոպոլովա. Բելառուսի եւ Հայաստանի միջեւ ակտիվ քաղաքական երկխոսություն է ծավալվում
Հայ-բելառուսական հարաբերությունները ակտիվորեն զարգանում են բոլոր ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Մարինա Դոլգոպոլովան դիվանագիտական առաքելությունում Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, կառավարության անդամներ, խորհրդարանի ղեկավարությունը, Հայաստանի աշխատակազմի աշխատակիցները, բարձրագույն պետական իշխանության, գործարար շրջանակների, ստեղծագործ մտավորականության, բելառուսական համայնքի ներկայացուցիչներ, հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները: Իր ողջույնի խոսքում Մարինա Դոլգոպոլովան կարեւորել է Բելառուսի ժողովրդի համար Անկախության օրը որպես բելառուսական պետականության գլխավոր տոն: Ըստ դիվանագետի, Բելառուսի եւ Հայաստանի միջեւ ակտիվ քաղաքական երկխոսություն է ծավալվում, ամրապնդվում են մշակութային, գիտական կապերը: Վերջին տարիներին էական արդյունքներ են ձեռք բերվել նաեւ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում: Մասնավորապես, Բելառուսի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն ունի աճի կայուն դինամիկա եւ իր արդյունքներով 2005 թվականը ավելի քան վեց անգամ գերազանցել է հնգամյա վաղեմության ցուցանիշը: Ընթացիկ տարվա հինգ ամսվա ընթացքում փոխադարձ առեւտուրն աճել է գրեթե 1,5 անգամ անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ եւ գերազանցել է 9,1 մլն դոլարը: Բելառուսիան հիմնականում Հայաստան է արտահանում բեռնատարներ, ճանապարհային տեխնիկա, դեղամիջոցներ, անվադողեր, կաբելային արտադրանք, հաղորդում է «Բելտան»: