5 հուլիսի 2006 - 18:22 AMT
Հայկական պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ անդամներին ծանոթացրել է հայկական հուշարձանների ոչնչացման փաստերին
Այսօր, Բրյուսելում` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի առաջին սեկցիայում, լսել են ավստրիացի զեկուցող Վոլֆգանգ Գրոսսրուկի զեկուցը` հետեւյալ թեմայով. «Մարդկային տարածության ամրապնդումը ԵԱՀԿ տարածքում»: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Բելգիայում Հայաստանի դեսպանության երրորդ քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, զեկույցից հետո ադրբեջանական կողմը 11 ուղղում է ներկայացրել, որոնց կեսից ավելին չի անցել հայկական պատվիրակության ջանքերի շնորհիվ: «Մասնավորապես, հայկական կողմը կարողացել վերացնել ուղղումը, որը ենթադրում էր` Կոսովոյի նախադեպը չօգտագործել ամեն տեսակի հակամարտությունների կարգավորման համար: Մեկ այլ ուղղում, որը հնարվոր եղավ արգելել, վերաբերում էր նրան, որ հակամարտության տարածքները պետք է վերադարձվեն այն երկրին, որին պատկանել են մինչեւ հակամարտությունը: Դրանք առավել կարեւոր ուղղումներ էին, որոնք հայկական կողմը մերժեց: Եւս մի քանի ուղղումներ եղան: Պետք է նշեմ, որ Հայաստանը պաշտպանեց Ադրբեջանի կողմից առաջարկված մի քանի տեխնիկական բնույթի ուղղումներ, եւ դա Վեհաժողովում մեծ հավանությամբ ընդունվեց»,- ասել է Բալայանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ երրորդ սեկցիայի նիստին ելույթ ունեցավ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, որը պատմեց Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչոցման մասին: