29 դեկտեմբերի 2014 - 14:54 AMT
«Ալ Քայիդան» հրահանգել է պայթեցնել առաջատար ավիաընկերությունների ինքնաթիռները

Բրիտանական ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները հետաքննություն են սկսել «Արաբական թերակղզում Ալ Քայիդայի» կայքում հրապարակված կոչի վերաբերյալ: Կայքը «ջիհադի միայնակ գայլերին» հասցեագրված կոչ է հրապարակել՝ հորդորելով պայթեցենլ British Airways և ЕasyJet ավիաընկերությունների ինքնաթիռներն ինքնաշեն պայթուցիկ սարքերի միջոցով, հայտնում է Pravda.ru-ն բրիտանական ԶԼՄ-ներին հղումով:

Ինչպես գրում է բրիտանական The Daily Mail-ը, իր էջում «Ալ Քայիդան» կոչ է արել իր կողմնակիցներին «ռումբեր հավաքել խոհանոցներում» և ինքնաթիռ տանել: Որպես օրինակ բերվում է Ումար Ֆարուկ Աբդուլմուտալլաբի դեպքը, որը մտադիր էր պայթեցնել Ամստերդամ-Դետրոյթ չվերթի ինքնաթիռը 2009 թվականին, սակայն վնասազերծվեց և ավելի ուշ դատապարտվեց ցմահ բանտարկության:

Նիգերացի Ումար Ֆարուկ Աբդուլմուտալլաբին 2009-ին փորձել է պայթեցնել Ամստերդամից Դետրոյթ թռչող «Airbus 330» ինքնաթիռը, որտեղ 278 ուղևոր կար, սակայն դա նրան չհաջողվեց: «Օդանավը ժամանեց Դետրոյթ, բոլոր ուղևորներն անհապաղ տարհանվեցին»,-հայտնեց ավիաընկերության ներկայացուցիչ Սյուզան Էլիոթը: Հարցաքննության ժամանակ 23-ամյա ահաբեկիչն անմիջապես հայտարարեց, որ կապված է «Ալ Քայիդայի» հետ: Ըստ նրա, հրահանգները նա ստացել էր կազմակերպության ղեկավարությունից, իսկ պայթուցիկն ու կիրառման կարգը նրան հայտնել էին Եմենում: Ծայրահեղականները գտնում են, որ այդպիսով նրանց կհաջողվի «քանդել թշնամու տնտեսությունը»:

«Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին:

Վաղուց է հայտնի, որ արևմտյան երկրներում բավականին մեծ թվով համակիրներ ունի «Ալ Քայիդայի» մասնակցությամբ ստեղծված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը. Իրաքում և Սիրիայում հարյուրավոր կամավորներ են կռվում Եվրոպայից: Ըստ հարցումների, իսլամիստներին համակրում է յուրաքանչյուր յոթերորդ երիտասարդ բրիտանացին:

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» և այլ ծայրահեղական խմբավորումների շարքերում կռվող օտարերկրացի գրոհայինների քանակը հասել է 15 հազարի, ասվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի զեկույցում:

Թեև ամբողջական ցուցակը զեկույցում չի բերվում, սակայն հիշատակվում է, որ բախումներին մասնակցում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Ըստ ԱԽ գնահատականի, օտարերկրացիների քանակը, որոնք ցանկանում են միանալ ծայրահեղականներին, աննախադեպ է: Ընդ որում, նշվում է, որ կամավորների արտահոսք է նկատվում «Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումներից՝ գնալով ավելի շատ գրոհայիններ են միանում «Իսլամական պետությանը»: ՄԱԿ-ը զգուշացնում է վտանգի մասին, որի հետ կբախվեն նշված երկրների իրավապահ մարմինները, որոնց քաղաքացիները վաղ թե ուշ տուն են դառնալու պատերազմից Իրաքում և Սիրիայում:

Ըստ The Guardian-ի, «Իսլամական պետության» շարքերում առնվազն 500 բրիտանացի է կռվում: