10 հուլիսի 2006 - 15:26 AMT
Երեւանում բացվեց «Ոսկե ծիրան» երրորդ միջազգային կինոփառատոնը
Երեւանում բացվել է «Ոսկե ծիրան» երրորդ միջազգային կինոփառատոնը: Առաջին օրը կցուցադրվի առաջին հայկական խաղարկային «Նամուս» ֆիլմի թվայնացված տարբերակը, որը նկարահանվել է 1926 թվականին հայ կինոյի հիմնադիր Համո Բեկ-Նազարովի կողմից: Մրցութային ֆիլմերը կներկայացվեն 3 անվանակարգերում` «Խաղարկային ֆիլմեր», «Փաստագրական ֆիլմեր» եւ «Հայկական համայնապատկեր»: Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է 1980-2001թթ. Բեռլինի կինոփառատոնի նախագահ, Լոկառնոի եւ Վենետիկի փառատոնների բազմամյա ղեկավար Մորից դը Հադելնը: «Փաստագրական ֆիլմերի» ժյուրին կգլխավորի ամերիկացի կինոռեժիոսոր Գոդֆրի Ռեջիոն: «Հայկական համայնապատկերի» նախագահն է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Փառատոնի պատվավոր հյուրերին` Արտավազդ Փելեշյանին, Մարկո Բելոկկիոին, Մոհսեն Մահմալբաֆին, ինչպես նաեւ ականավոր իտալացի սցենարիստ Տոնինո Գուերրային կհանձնվեն Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակներ «Համաշախարհային կինեմատոգրաֆի զարգացման մեջ մեծ ավանդի» համար:
Նշենք, որ կինոփառատոնի տնօրենն է հայտնի հայ կինոռեժիսոր, Եվրոպական կինոակադեմիայի իսկական անդամ Հարություն Խաչատրյանը: