Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, որը հեռանում է նախագահի պաշտոնից, հայ համայնքի հետ հրաժեշտի հանդիպմանը խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումներին:
«Ես վստահ եմ, որ թուրքերը կնեղանան, բայց Հայոց ցեղասպանությունն իրողություն է, և, եթե կարող եմ ինչ-որ կերպ նպաստել ճանաչման գործին, ուրախությամբ կանեմ դա»,- հայտարարել է Մուխիկան:
Մուխիկան նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության հարցում հնարավոր չէ արդարության հասնել, քանի որ հայ ժողովրդի կրած ցավն ու կորուստներն անհնար է հատուցել:
«Կան պետական շահեր, որոնք խանգարում են այդ հարցին: Սակայն, նվազագույնն, ինչ այսօր պետք է անի Անկարան, ինքնաքննադատության քաջություն ունենա և ընդունի կատարած վայրագությունները»,-ասել է նա:
2014-ի դեկտեմբերին Ուրուգվայի նախագահ ընտրվեց Տաբարե Վասկեսը, որը ստանձնում է պաշտոնը 2015-ի մարտի 1-ին:
Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ.:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: