13 հուլիսի 2006 - 14:31 AMT
Մեթյու Բրայզա. Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի ներուժը դեռեւս չի սպառվել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են, որ նախաձեռնող կլինեն ղարաբաղյան հակամրտության կողմերը: Այդ մասին Թուրքիայում հայտարարել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Մեկնաբանելով բանակցային գործընթացի մանրամասների հրապարակումը առանց կողմերի կարծիքը հաշվի առնելու, նա ասել է, որ արել է դա ոչ իր անձնական նախաձեռնությամբ: «Այդպիսին էր համանախագահների լուծումը»,-նշել է Բրայզան: Նրա խոսքերով, բացահայտվել են գործընթացի ոչ բոլոր մանրամասները, հասարակական քննարկման են ներկայացվել միայն որոշ տարրեր, որոնք քննարկվել են բանակցությունների ընթացքում: «Մենք սպասում ենք նախագահների արձագանքին: Սակայն, ես հայտարարում եմ նաեւ, որ բանակցային գործընթացի ներուժը դեռեւս չի սպառվել: Մենք ուղղություն ենք ակնկալում նախագահներից, նրանք պետք է մատնանշեն, թե որ ուղղությամբ է հարկավոր շարունակել աշխատանքը»,-ընդգծել է ամերիկացի համանախագահը: Նա նաեւ չի բացառել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է քննարկվել Սանքտ Պետերբուրգում «Մեծ ութնյակի «գագաթնաժողովի ընթացքում: Մեթյու Բրայզան հաղորդել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման ժամկետը դեռեւս հայտնի չէ, հաղորդում է «Ազերի-պրեսը»: